Նինոծմինդայի շրջանում զանգվածային թունավորման դեպք է գրանցվել
Նինոծմինդայի շրջանի Մեծ Արագյալ գյուղում գրանցվել են թունավորման դեպքեր։ Jnews-ի հաղորդմամբ, բնակիչները ենթադրում են, որ թունավորման պատճառը կարող է լինել խմելու ջուրը։ Ջուրը կուղարկվի լաբորատոր հետազոտման։
Նինոծմինդայի հասարակական առողջապահության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանն ասում է, որ իրենք հուլիսի 1-ին են տեղեկացել դեպքի մասին և անհապաղ սկսել ուսումնասիրել։
«Ժողովրդի կարծիքով թունավորումը կապված է ջրի հետ, այդպես են ենթադրում։ Թունավորվածների քանակը բավականին շատ է, բնակչության մոտ 30 տոկոսը։ Ծանր դեպքեր չկան, ստամոքսաղիքային երևույթներ են՝ ընդհանուր թուլություն, սրտխառնոց, լուծ, բայց կարճատև, երկու օր է տևում, առավելագույնը երեք, բնակիչներին անհանգստացնում է հիմնականում թուլությունը։ Հնարավոր է որ լինի ջրից, սակայն տարբեր միջոցառումներ են իրականացվել ջրի ախտահանման ուղղությամբ»,- ասել է նա։
Ջրի ավազանն արդեն քլորացվել է, ջրից նմուշ է վերցվել, որը այսօր կուղարկվի լաբորատորիա հետազոտման։ Բնակիչներին զգուշացված է, որ ջուրը օգտագործեն միայն եռացնելուց հետո։
Մեծ Արագյալ գյուղի մասնագետ Արման Աղջոյանն ասում է՝ ենթադրաբար թունավորումը կարող էր ջրից լինել, սակայն կոնկրետ ոչինչ չի կարող ասել. «Թունավորման առաջին դեպքը գրանցվել է հունիսի 29-ի երեկոյան, ծանր դեպքեր չեն գրանցվել, հիմնականում մեծերի շրջանում է, փոքրերի մոտ էլ է եղել, բայց ավելի թեթև»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան