Իրանը ցանկանում է երկխոսության միջոցով բարելավել Սիրիայի և Թուրքիայի հարաբերությունները
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը շաբաթ օրը պաշտոնական այցով ժամանել է Սիրիա, որի ընթացքում բանակցություններ կվարի իր գործընկեր Ֆեյսալ Միկդադի հետ: Նրան կընդունի նաև նախագահ Բաշար ալ-Ասադը։ «Ալ Էխբարիա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ ղեկավարը Դամասկոսի օդանավակայանում լրագրողներին ասել է, որ Թեհրանը ձգտում է բարելավել Սիրիայի և Թուրքիայի հարաբերությունները՝ երկխոսության միջոցով։
«Մենք մեր խնդիրը տեսնում ենք ճգնաժամը կանխելու և խաղաղության, կայունության և անվտանգության ուղղությամբ շարժվելու փորձի մեջ՝ հաղթահարելով Իրանի հետ սերտ կապեր պահպանող երկու պետությունների միջև առկա տարաձայնությունները»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Իրանի ԱԳ նախարարը։
Ինչպես ընդգծել է Աբդոլլահիանը՝ Թեհրանը ըմբռնումով է վերաբերվում Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակի վերաբերյալ Թուրքիայի մտահոգություններին։
«Սակայն մենք կտրականապես դեմ ենք ռազմական գործողության անցկացմանը և կփորձենք հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով»,-ասել է նա։
Իրանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ մայիսին Ասադի՝ Թեհրան կատարած այցից հետո Սիրիայի հետ երկկողմ հարաբերություններում որակապես նոր փուլ է սկսվել։ Նրա խոսքով՝ Իրանը կողմ է առևտրատնտեսական համագործակցության զարգացման միջոցով Սիրիայի հետ ռազմավարական կապերի ամրապնդմանը։
Աբդոլլահիանը դատապարտել է Իսրայելի կողմից «շարունակվող ագրեսիվ հարձակումները, որոնք նպատակ ունեն խարխլել Սիրիայի ինքնիշխանությունն ու միասնությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելը կարող է թույլ տալ Իրանին նավթ արտահանել ԱՄՆ հսկողության ներքո
- Թուրքիայի զինված ուժերի գործողությունը Սիրիայում կարող է սկսվել Կուրբան բայրամի տոնից անմիջապես հետո
- Անկարան հայտնել է, որ Սիրիայում գործողությունը կսկսվի «ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում»
- Թուրքական կողմի հայտարարությունից հետո Սիրիայում նկատվել է իրավիճակի սրում
- Էրդողան. Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնելու Սիրիայում՝ իր անվտանգությունն ապահովելու համար