Մահացել է Չեբուրաշկայի կերպարի ստեղծող Լեոնիդ Շվարցմանը
101 տարեկանում մահացել է խորհրդային ռուսաստանաբնակ ռեժիսոր-մուլտիպլիկատոր և մուլտիպլիկացիոն կինոյի նկարիչ Լեոնիդ Շվարցմանը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է «Союзмультфильм»-ի գլխավոր խմբագիր Սերգեյ Կապկովը։
Ստեղծագործական տարիների ընթացքում Շվարցմանը մասնակցել է ավելի քան 60 անիմացիոն ֆիլմերի ստեղծմանը։ Նրա ամենահայտնի գործերն են՝ «Ձյունե թագուհին», «Ալվան ծաղիկը», ««Ոսկե այծքաղ» , «Շունն ու կատուն», «Կոկորդիլոս Գենա», «Գավ անունով կատվիկը», «38 թութակը» և շատ ուրիշներ։
Լեոնիդ Շվարցմանը հայտնի է նաև նրանով, որ որպես բեմադրող նկարիչ մասնակցել է Չեբուրաշկայի վիզուալ կերպարի ստեղծմանը Ռոման Կաչանովի «Կոկորդիլոս Գենա» մուլտֆիլմի համար 1968 թվականին։
Հետագայում Չեբուրաշկան դարձել է Ռուսաստանի օլիմպիական հավաքականի խորհրդանիշ 2004 թվականին Աթենքում կայացած Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ։
Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների (այդ թվում նաև անհատական), նկարազարդել է մանկական գրքեր։ Առաջադրվել է Լենինյան ու Ստալինյան մրցանակների։ Արժանացել է ամերիկյան «Հոլիվուդը երեխաներին» մրցանակի և Սուզդալում անցկացված Անիմացիոն կինոյի XI ռուսական բաց փառատոնի մրցանակի (2006)։ Կինեմատոգրաֆիական արվեստների «Նիկա» ակադեմիայի և Մուլտիպլիկացիոն կինոյի միջազգային ասոցիացիայի անդամ է։