«Ընդհատված աղոթքի բրոնզե արձագանքը». ցուցադրություն և համերգ «Զվարթնոց»-ում
«Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի հետ համատեղ, կներկայացնի «Ընդհատված աղոթքի բրոնզե արձագանքը» խորագրով բացառիկ ցուցադրություն և համերգ, որը տեղի կունենա հուլիսի 13-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում:
ՊՈԱԿ-ից հայտնում են, որ ժամանակավոր ցուցադրությունը նվիրված է Գնդեվանքի վանական համալիրի կրթամշակութային, հոգևոր գործունեության, ժառանգության հանրահռչակմանը:
Կցուցադրվի 1981թ հայտնաբերված հավաքածուն` 43 միավոր առարկա:
Ցուցադրության ժամանակ կօգտագործվեն նաև միջնադարյան ձեռագրերում և այլ նյութերում առկա Գնդեվանքին առնչվող նյութերի, լուսանկարների, չափագրությունների կրկնօրինակները, ինչպես նաև ավանդազրույցներ, ոչ նյութական մշակույթի այլ տարրեր, որոնք կներկայացվեն ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ:
Ցուցադրությանը կհաջորդի համերգային մասը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի, «Հովեր» պետական կամերային երգչախմբի և դաշնակահար Հայկ Մելիքյանի մասնակցությամբ: Դիրիժոր՝ Լյուք Բաղդասարյան /Շվեցարիա/։