ՔԿ-ն անհետ կորած զինծառայողի նկատմամբ հետախուզում է հայտարարել ու խափանման միջոց ընտրել
Անցած տարվա մայիսի 14-ին Վարդենիսում մարտական հերթապահության ընթացքում անհետ կորած ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանի փաստաբան Լուսինե Վիրաբյանը Panorama.am-ի հետ զրույցում համոզմունք էր հայտնել, որ գործով քննիչն անգործություն է ցուցաբերում։
Panorama.am-ը քննչական կոմիտեից մեկնաբանություն էր խնդրել փաստաբանի հնչեցրած գնահատականների մասին։
«Լուսինե Վիրաբյանը քրեական գործով ներգրավված է որպես պաշտպան, ուստի իր նատառումները կարող է միջնորդության կարգով ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին»,-արձագանքեցին քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնից։
ՔԿ նույն բաժնից նաև հայտնեցին. «Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նորիկ Արմենի Մկրտչյանի կողմից 2021թ. մայիսի 18-ին ծառայության վայրն ինքնակամ թողնելու ու նույն զորամասի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ առերևույթ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքերի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով և 376 հոդվածի 1-ին մասով 24.05.2021թ. հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն։
Քրեական գործով 06.07.2021թ. որոշում է կայացվել Նորիկ Արմենի Մկրտչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 5-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը և նրան հայտնաբերելու համար հայտարարվել է հետախուզում»։
Հոդված 361. Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը
1. Երեք օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տևողությամբ, ինչպես նաև երեք ամսվա ընթացքում երեք և ավելի անգամ մեկ ժամից մինչև երեք օր տևողությամբ զինծառայողի կողմից զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալը`
պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Հոդված 376. Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ
1. Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որը պատճառել է էական վնաս`
պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:↩
Հոդված 361. Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը
5. Սույն հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ կամ չորրորդ մասերով նախատեսված արարքները, եթե ինքնակամ բացակայությունը տևել է մեկ ամսից ավելի, բայց զինվորական ծառայությունից ժամանակավորապես խուսափելու նպատակով`
պատժվում են զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը մեկից երկու տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:
Հիշեցնենք, 18-ամյա Նորիկը Տավուշից է, զորակոչվել է 2021-ի փետրվարին, առաջին անգամ դիրքեր է բարձրացել մայիսին, ըստ փաստաբանի, հիվանդ վիճակում։ Զինվորը գրեթե ամեն օր խոսել է մոր հետ, դիրքեր բարձրանալուց առաջ մորաքրոջն է պատմել, որ ունի առողջական խնդիրներ, մրսածություն։
«Որևէ մեկը չկա, որ ասի՝ գիտե՞ք, ես տեսել եմ, ինչպես է զինվորը փախել։ Զինվորն այն վիճակում չի եղել, որ միայնակ որևէ գործողություն կատարեր, չորս օր ջերմության, դողէրոցքի մեջ մնացած զինվորը, այն էլ Վարդենիսում, այդ եղանակային պայմաններում... Ու առանց անհարմար զգալու քննիչը ծնողին ասել է՝ միգուցե սառել, կպել է մի տեղ, գազաններն են կերել։ Թող չհասցնեն այն աստիճանի, որ ծնողը դատաստանն իր ձեռքով անի»,-ասել էր Լուսինե Վիրաբյանը Panorama.am-ի հետ զրույցում։