Վիրավորվելուց հետո իմ միակ հույսը իմ նորածին աղջիկն է եղել. կամավորական Կամո Կարապետյան
44-օրյա պատերազմի մասնակից կամավորական Կամո Կարապետյան 20 տարի գյուղատնտեսությամբ է զբաղվել։ Հիմնականում Աղդամի տարածքում։ Սեպտեմբերի 27-ին հղի կնոջն ու երկու անչափահա տղաներին ճանապարհել է Հայաստան, ինքը գնացել ռազմի դաշտ։
«Հիշում եմ՝ 18 տարեկան տղաները ոնց էին կռվում։ Բոլոր դժվար պայմաններում տղերքը հրամանները կատարում էին, մենք էլ իրենց հետ, ինչով կարողանում էինք, օգնում էինք։ Զարմացել էի՝ տեսնելով տղերքի կռիվը. սոված էին, չէին քնում, 24 ժամ պատրաստ էին կռվելու»,- Հանրային ռադիոյի պատրաստած տեսանյութում ասում է Կամո Կարապետյանը։
Նա պատմում է, որ հոկտեմբերի 6-ից Նոր Շենից Ֆիզուլի էին տեղափոխվել, հոկտեմբերի 7-ի առավոտյան վիրավորվել է։
«Ճանապարհին ընկերոջս ասում էի՝ թուլացել եմ, կարող է չհասնեմ հիվանդանոց, աղջկաս անունը կդնենք մամայի անունը՝ Ռոզի։ Ընկերս ասաց՝ սուս մնա, կգաս, քո երեխու անունը քո ձեռքով կդնես։
Վիրավորվելուց 5 օր անց աղջիկս ծնվել է»,- ասում է Կամո Կարապետյանը։
Մոտ երկու ամիս Զինվորի տանը վերականգնողական բուժում է ստացել, 5 ամիս Ավստրիայում է եղել՝ պրոթեզավորման։ Այնուհետև կապի է դուրս եկել ՀՀ ԶՈւ փոխգնդապետ, «Արիության համար» մեդալակիր, հաշմանդամություն ունեցողների բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանի հետ։
«Պատմեցի, թե ինչ վիճակում եմ։ Ասաց՝ եթե կարող ես հասնել մեզ մոտ, ավելի շուտ ոտքի կկանգնես։ Ավստրայից եկա, սայլակով էի, հենց երկրորդ օրը ստիպեց հրաժարվել դրանից։ Սկսեցի պարապել Սարգիսի մոտ, առաջարկեց զբաղվել սպորտով։ Երրորդ տեղը զբաղեցրեցի։
Սարգիսից շատ բան է կախված։ Ինքն իր կյանքով ցույց տվեց, որ մենք առողջ մարդուց էլ ավելին կարող ենք։ Վիրավորվելուց հետո չէի սպասում, որ կարող եմ սայլակից վեր կենամ, ոտքի կանգնեմ։
Երբ վիրավորվեցի, իմ միակ հույսը, իմ հավատը, որ չհանձնվեմ՝ իմ աղջիկն է եղել։ Երբ ունեցա աղջիկ, հասկացա, որ դա հրաշք է, կյանք է, ու ինքն ինձ կյանք է տալիս այսօր, ես դրանով եմ ապրում»,- ասում է Կամո Կարապետյանը։
Մանրամասն՝ Հանրային ռադիոյի տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- «Ոտքի կանգնիր». Սարգիս Ստեփանյանի հիշողությունները վերածվել են կադրերի ու դարձել ֆիլմ
- Հաղթանակը դարձյալ լիարժեք տոնելու համար պիտի՛ սթափվենք, մենք կորցնելու ժամանակ չունենք. փոխգնդապետ Սարգիս Ստեփանյան
- 106 տարի պահանջատեր ենք, բայց դեռ դասեր չենք քաղել պատմությունից. Սարգիս Ստեփանյան
- Փոխգնդապետ Սարգիս Ստեփանյան. Էլ ի՞նչ պիտի լինի, որ արթնանանք, գուցե՞ թուրքին մեր տան մեջ տեսնե՞նք
- Շնորհակալ եմ ձեզ, տղե՛րք, որ անսասան կանգնեցիք ու հետ մղեցիք շուն թշնամուն. Սարգիս Ստեփանյան
- Վեց տարի առաջ այս օրը փոխեց կյանքիս հունը․Սարգիս Ստեփանյան
- Սարգիս Ստեփանյան. Բարև՛, իմ Սասնա ծուռ ախպեր
- Մայոր Սարգիս Ստեփանյան. Եթե ոչ ես, ապա էլ ո՞վ
- Սարգիս Ստեփանյան. Ինչքան բան կա խոսելու մի մարդու հետ, որ հասկանում է քեզ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան