Սնկից թունավորման առաջին նշանները կարող են ի հայտ գալ 15 րոպեից մինչև 72 ժամվա ընթացքում
Ընթացիկ տարում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սնկից թունավորման 16 դեպք՝ 27 տուժածով։ Դեպքերի գերակշիռ մասն արձանագրվել է Լոռու մարզում։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանց ոչ ճիշտ մշակման հետևանքով, արդյունքում՝ թունավորում, ընդհուպ մինչև մահ: Որոշ տեսակի սնկեր սննդում կարելի է օգտագործել միայն համապատասխան խոհարարական մշակումից հետո: Իսկ թունավոր սնկերը ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել, քանի որ դրանք պարունակում են այնպիսի թունավոր նյութեր, որոնք չեն ոչնչանում խոհարարական և արտադրական մշակման ժամանակ (եփել, չորացնել, սառեցնել, մարինացնել և այլն):
Սնկից թունավորումներից խուսափելու համար խորհուրդ է տրվում.
✅ սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ,
✅ չհավաքել սունկ ճանապարհների եզրերից,
✅ ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սունկը շատ հաճախ աճում են ուտելի սնկի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել միմյանց,
✅ չուտել հում սունկ,
✅ երեխաներին չկերակրել սնկերով,
✅ խորհորդ չի տրվում ստամոքս-աղիքային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց սննդում օգտագործել սունկ,
✅ սնկի հետ չօգտագործել ալկոհոլ,
✅ թարմ սնկերը 1 օրից ավել չպահել նույնիսկ սառնարանային պայմաններում,
✅ չզբաղվել ինքնաբուժությամբ։
Սնկից առաջացած թունավորումներն ունենում են սուր ընթացք: Հիվանդության առաջին նշանները կարող են ի հայտ գալ 15 րոպեից մինչև 72 ժամվա ընթացքում: Կլինիկական հիմնական ախտանշաններն են որովայնի կտրուկ ցավը, սրտխառնոցը, անընդհատ փսխումները, առատ քրտնարտադրությունը, թքահոսությունը, գլխապտույտը, գլխացավը, անհագ ծարավի զգացումը, հալյուցինացիաները` առանց քնկոտության, ցնորքը, գիտակցության կորուստը, դեմքի կարմրությունը, սրտխփոցը, վախի զգացումը, լյարդի ախտահարման արդյունքում` մեծացած և ցավոտ լյարդը, դեղնուկը, լյարդային կոման, երիկամների ախտահարումը: Առաջին նշանների ի հայտ գալուն պես անմիջապես պետք է դիմել բժշկի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան