«Հայկական իմպրեսիոնիզմ»՝ ՀԱՊ-ում. «Հայ հասարակության հետաքրքրությունը ազգային կերպարվեստի նկատմամբ գնալով մեծանում է»
Ապրիլի 26-ից Հայաստանի ազգային պատկերասրահում գործում է «Հայկական իմպրեսիոնիզմ» խորագրով ցուցահանդեսը։ Panorama.am-ը հետաքրքրվել է Ազգային պատկերասրահից՝ ի՞նչ միտում է նկատվում՝ արդյոք հայ հասարակությանը հետաքրքրում է հայ արվեստը, որքա՞ն այցելու է ունեցել «Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսը։
Հայաստանի ազգային պատկերասրահի գիտական գծով փոխտնօրեն Սամվել Հովհաննիսյանն ասում է, որ ցուցահանդեսը զգալի ուշադրության է արժանացել արվեստասեր հանրության շրջանակում: Վերջինիս մասին վկայում են թե արձագանքը, թե այցելուների քանակը` բացմումից մինչ օրս ցուցահանդեսն ունեցել 4530 այցելու:
Նրա խոսքով, ցուցահանդեսն իր տեսակի մեջ բացառիկ է, քանի որ առաջին անգամ արվեստասեր հանրությանն է ներկայացնում համաշխարհային կերպարվեստի պատմության մեջ մեծ ու նշանակալից դերեկատարում ունեցած իմպրեսիոնիզմի դրսևորումները հայ արվեստում: 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ արվեստագետները (Վ. Սուրենյանց, Ս. Խաչատուրյան, Մ. Սարյան, Կ. Ադամյան, Հ. Ալխազյան և այլք), ապրելով և ուսանելով ռուսաստանում ու եվրոպական երկրներում, ակամայից կրել են ֆրանսիայում ծնունդ առած և եվրոպական միջավայրում լայն տարածում գտած այդ ուղղության ազդեցությունը, որը նոր շունչ էր արվեստում ու գրավում էր առաջադեմ երիտասարդությանը: Հայ արվետագետները` տուրք տալով տպավորապաշտությանը, սկսում են ներկայացնել հայրենի բնապատկերներ, որտեղ զգացվում է հայաստանյան շունչն ու ջերմությունը:
«Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսը գործելու է մինչև 2022 թվականի սեպտեմբեր ամիսը:
«Հարկ է նշել, որ իրականացվող ծրագրերին զուգահեռ հայ հասարակության հետաքրքրությունը ազգային կերպարվեստի նկատմամբ գնալով մեծանում է, իսկ պատկերասրահը, որպես կերպարվեստի խոշորագույն թանգարան մեր երկրում, մշակում և իրականացնում է այնպիսի նախագծեր, որոնք միտված են հանրահռչակելու մեր վարպետներին: Պատկերասրահի ուշադրության կենտրոնում է ոչ միայն ներկայացվող նյութի որակը, այլև վերջինիս մատուցման ձևը»,- ասում է Սամվել Հովհաննիսյանը։
Նա հայտնում է, որ հասարակության հետաքրքրությունը հայ կերպարվեստի նկատմամբ ավելի մեծացնելու և վառ պահելու նպատակով Հայաստանի ազգային պատկերասրահն այս տարի կիրագործի մի քանի ուշագրավ ցուցահանդեսային նախագծեր: Առաջիկայում` ս.թ. սեպտեմբերից դեկտեմբեր ամիսներին, Հայաստանի ազգային պատկերասրահում կներկայացվեն հետևյալ ցուցահանդեսները` «Մարտիրոս Սարյան. գրքային նկարազարդումները», «Նյու (Մերկերը)», «Նվիրատուներ և նվիրատվություններ. Տիգրան և Զաբել Եսայաններ» և «Վերականգնված ցուցանմուշների պատմություն»:
Լուսանկարները՝ Հայաստանի Ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջից։