Ի՞նչ հատկանիշներով է հարուցվել քրգործ զինծառայողի մահվան փաստով
Պաշտպանության նախարարությունն այդպես էլ պաշտոնապես չհայտարարեց հունիսի 19-ին Վարդենիսում ժամկետային զինծառայող Հրաչիկ Փիլիպոսյանի մահվան մասին։ Քննչական կոմիտեն հետևեց նախարարության օրինակին։
Panorama.am-ը հունիսի 22-ին գրավոր հարցում էր ուղարկել կոմիտե ու հարցրել՝ արդյոք զինծառայողի մահվան փաստի առթիվ քրեական գործ հարուցվե՞լ է, ի՞նչ հատկանիշներով։
Ի պատասխան քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնից հայտնեցին, որ հունիսի 19-ին զոհված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրաչիկ Վաչիկի Փիլիպոսյանի մահվան դեպքի առթիվ նույն օրն այդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 6-րդ, 7-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։
Ավելի պարզ ասած քրեական գործ է հարուցվել սպանության հոտկանիշներով.
սպանությունը, որը կատարվել է
անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ,
շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով,
մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,
ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով։
«Քրեական գործով ձեռնարկվում են հնարավոր բոլոր դատավարական գործողությունները՝ դեպքի հանգամանքները լրիվ ու բազմակողմանի պարզելու համար»,-հայտնեցին ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնից։
Զինծառայողի զոհվելուց ավելի քան 20 օր անց Վահագն Խաչատուրյանը հրամանագրով Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Հրաչիկ Վաչիկի Փիլիպոսյանը հետմահու պարգևատրեց Մարտական ծառայության մեդալով:
Զինծառայողը Արագածոտնի մարզի Բյուրական գյուղից էր։