Հունաստանում մոլեգնում են խոշոր անտառային հրդեհները
Հունական Պելոպոնես թերակղզու հյուսիս-արևմուտքում գտնվող Էլիս (Իլիա) շրջանում ուժեղ անտառային հրդեհ է մոլեգնում, կրակը մարում են ավելի քան 195 հրշեջ, 48 մեքենա, «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել են Հունաստանի հրշեջ վարչությունից։
Հրդեհը սկսվել է կիրակի կեսօրին Աքայա քաղաքի մոտակայքում։ Բնակելի տներին սպառնացող վտանգի պատճառով չորս գյուղերի բնակիչներ տարհանվել են։
Մինչ մութն ընկնելը հրդեհաշիջմանը մասնակցել է վեց ինքնաթիռ և հինգ ուղղաթիռ։ Լուսադեմին երկու ինքնաթիռ և երկու ուղղաթիռ վերսկսել են աշխատանքը։
Հրդեհների վտանգի կանխատեսման քարտեզի համաձայն՝ տարածաշրջանը գտնվում է շատ բարձր ռիսկի խմբում։ Իշխանությունների կանխատեսմամբ՝ ամառը հրդեհային իրավիճակի առումով բարդ է լինելու։
Հունաստանի կլիմայական ճգնաժամի և քաղաքացիական պաշտպանության հարցերով նախարարության հաղորդագրության համաձայն՝ 200-ից ավելի հրշեջներ Բուլղարիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռումինիայից, Նորվեգիայից և Ֆինլանդիայից կգտնվեն Հունաստանում հուլիս-օգոստոս ամիսներին՝ հրդեհային պահպանությանն աջակցելու և հույն գործընկերների հետ փորձի փոխանակման համար: