Շուկայում առկա է մեծ քանակության դոլարի լրացուցիչ զանգված. տնտեսագետ
Հայաստանում դոլարի փոխարժեքը նվազում է, իսկ դրան զուգահեռ, հատկապես պարենային ապրանքներն, էլ ավելի են թանկանում։ Մինչդեռ էժան դոլարը պետք է նպաստեր ներկրվող ապրանքների գների նվազմանը։
Panorama.am-ի հետ զրույցում տնտեսագետ Արմեն Քթոյանն ասաց, որ Հայաստանը որդեգրել է լողացող փոխարժեքի քաղաքականություն, ինչը նշանակում է՝ Կենտրոնական բանկը միջամտում է փոխարժեքին միայն կրիտիկական իրավիճակներում, երբ շուկայի կայունությունը վտանգի տակ է։ Իսկ փոխարժեքի սահուն ավելացումը կամ նվազումն, ըստ նրա, չի դիտարկվում կրիտիկական կամ խուճապային տրամադրություններ առաջացնող։
Միաժամանակ տնտեսագետն ասաց, որ համաշխարհային գնաճն ավելի բարձր է, քան դրամի արժևորումն ու դոլարի արժեզրկումը։
Նրա խոսքով՝ այսօր աշխարհում գնաճի մասով ստեղծվել է ֆորսմաժորային իրավիճակ։ Մասնավորապես, պարենային ապրանքների համաշխարհային գները տարեկան կտրվածքով աճել են ավելի քան 20%-ով, ցորենի գները՝ 37-38%-ով։ «Ռուս-ուկրաինական համակարտության հետևանքով տասնյակ միլիոնավոր տոննաների ցորեն արգելափակված է Ուկրաինայի նավահանգիստներում, հնարավոր չէ այն դուրս բերել միջազգային շուկա, ինչի արդյունքում ցորենի գներն աճում են»,- նշեց նա։
Արմեն Քթոյանը նկատեց, որ ՀՀ կառավարության կողմից գնաճը զսպելն իր գինն ունի։ «Դրա համար ֆինանսական միջոցներ են պետք։ Պատերազմից հետո գտնվում ենք բարդ իրավիճակում, առկա են սոցիալ-տնտեսական խնդիրներ, ուստի չեմ պատկերացնում, որ կարելի է լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ հատկացնել գնաճը զսպելու համար։ Հայաստանում ՀՆԱ-ի 8.6-8.8%-ի չափով գումար հատկացվում է սոցիալական ծախսերին, ավելի շատ, քան պաշտպանական նպատակով։ Սա մեր իրողությունն է, ստանդարտ լուծումներ այս դեպքում չկան»,- ասաց նա։
Նշենք, որ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2022 թվականի մայիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում գրանցվել է 9% գնաճ։
Տնտեսագետը նաև վաղ է համարում կանխատեսումներ անել, թե մինչև երբ և որքան կարող է արժեզրկվել դոլարը։
«Որևէ մեկը չի կարող կանխատեսումներ անել, քանի որ կան պրոցեսներ, որոնք ազդում են դրամի արժևորմանը, կան պրոցեսներ, որոնք հակառակին են նպաստում, շատ բան կախված է Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացներից»,- ընդգծեց նա։
Արմեն Քթոյանի խոսքով՝ ՌԴ-ում այսօր կա արտարժույթի ավելցուկ։ Չնայած սահմանափակումներին, հումքի արտահանումից ստանում են արտարժույթ, իսկ այն չեն կարողանում իրացնել ապրանքների ներմուծման դեպքում, քանի որ այն ևս կրճատվել է։ Ընդհանուր առմամբ, ՌԴ-ն ներմուծումը կրճատել է 50-60%-ով։
«Դա նշանակում է, որ այդ արտարժույթը կա շուկայում և ուղղություններից մեկը, որտեղ հոսում է այն, Հայաստանն է, այսինքն՝ մեր շուկայում ևս կա արտարժույթի հավելյալ զանգված, որը բերում է դրամի արժևորման։ Իրականում դրամը թանկ չէ»,- ընդգծեց նա։
Այսպիսով, ինչպես նշում է տնտեսագետը, տրանսֆերտների աճը նպաստել են դոլարի քանակի ավելացմանն ու էժանացմանը։ Այսօր Հայաստանում առկա է մեծ քանակության դոլարի լրացուցիչ զանգված, իսկ դա նշանակում է, որ առաջարկն ավելի շատ է, քան պահանջարկը։
«Օրինակ, փետրվար-մարտ-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՌԴ-ից ֆիզիկական անձանց կողմից փոխանցումները 2,5-3 անգամ ավելացել են։ Մինչդեռ վերջին 10 տարում Ռուսաստանից երբեք 100 մլն դոլարից ավելի փոխանցում չէր եղել, բայց ապրիլին երկու անգամ ավելի գումար է մուտք եղել Հայաստան։ Իհարկե տրանսֆերտների աճը բնականաբար դրական է ազդում տնտեսության վրա»,- ասաց տնտեսագետը։
Հարակից հրապարակումներ`
- Եթե դոլարն էժանանում է, ինչու ապրանքների գները չեն նվազում
- Դոլարը հատեց 400 դրամի շեմը
- Որոշ բանկերում դոլարի առքի նվազագույն գինը 400 դրամ է
- Դոլարի արժեզրկումը պայմանավորված է Հայաստանում արտարժույթի մեծ ներհոսքով. տնտեսագետներ
- Վարդան Արամյան. Հետ քաշել շուկայում դոլարի գնման հետևանքով հայտնված դրամը
- Բաբկեն Պիպոյան. Մարդիկ սեփական մաշկի վրա զգում են ոչ թե տնտեսական ակտիվությունը, այլ գնաճը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան