Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է
«Մենք` հայերս, պետք է կարողանանք երջանիկ լինել մեր մեծ մարդկանցով, պետք է կարողանանք չափվել նրանցով, առավել ևս, նրանց դարձնել մեզ համար չափանիշ: Երջանիկ սերունդ էինք, որ ապրեցինք Մհերի հետ, աշխատեցինք միասին: Այդ սերունդը լավն էր, իսկ ինքը, իհարկե, ամենալավն էր»,- ասել է դերասան Սոս Սարգսյանը։
«Ինքը, իհարկե, ամենալավն էր...»։ Մհեր Մկրտչյան՝ ում խաղացած յուրաքանչուր դեր հնարավոր չէ մոռանալ, ում ասած յուրաքանչյուր բառ ու բառակապակցություն, հնարավոր չէ մոռանալ, քանի որ այնպես էր խաղում, որ մարդկանց հիշողությունից երբեք չի կարող ջնջվել։
Այսօր Մհեր Մկրտչյանի կամ նույն Ֆրունզիկ Մկրտչյանի ծննդյան օրն է. 1930 թվական, հուլիսի 4, Գյումրի:
Այսօր ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր» դահլիճում կցուցադրվի «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմը: Այն պատմում է անվանի դերասանի՝ հնդկական ֆիլմերում ունեցած դերակատարումների մասին: Ցուցադրությունը նվիրված է նաև մեծանուն արտիստի ծննդյան օրվան: ԿԳՄՍ-ից հայտնել էին, որ ֆիլմի ցուցադրությունից առաջ կինոթատրոնի նախասրահում կներկայացվի անվանի դերասանի բացառիկ լուսանկարների ցուցահանդեսը: Ֆ. Մկրտչյանը նկարահանվել է ԽՍՀՄ-ի և Հնդկաստանի համատեղ արտադրության «Ալի Բաբան և 40 ավազակները», «Սիրո լեգենդ» ֆիլմերում՝ մարմնավորելով Մուսթաֆայի և Բարմանդուի կերպարները։
Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-46 թվականններին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մ.Մկրտչյանը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր՝ ցուցաբերելով իր տարիքի համար անսովոր վարպետություն։ 1953 թ-ին նա տեղափոխվել է Սունդուկյանի անվան թատրոն, սովորում էր գեղարվեստաթատերական ինստիտուտում (ղեկավար՝ Վ. Վաղարշյան), որտեղ խաղացել է մինչև 1988 թ.: Առաջին դերերից էր Գվիդոնը (Ժորա Հարությունյանի «Սրտի արատ»):
Լավագույն դերերից են՝ Պաղտասարը (Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար»), Զամբախովը (Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա»), Ղազարը (Ժ. Հարությունյանի «Ղազարը գնում է պատերազմ»), Հայրապետը (Ա. Շիրվանզադեի «Նամուս»), Մերկուցիոն (Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»), Բարոնը (Մաքսիմ Գորկու «Հատակում»): Վերջին դերը Հացթուխն էր (Մարսել Պանյոլի «Հացթուխի կինը», Մկրտչյանը նաև ներկայացման ռեժիսորն էր):
Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։ Մկրտչյանը 1988 թ-ից Վարդան Աճեմյանի անվան թատրոն-ստուդիայի (1992 թ-ից՝ Արտիստական թատրոն, 2004 թ-ից՝ Մհեր Մկրտչյանի անվան) գեղարվեստական ղեկավարն ու տնօրենն էր:
Հայկական կինոյում նույնպես ստեղծել է բազմաթիվ ուշագրավ դերեր՝ Գարսևանը («01–99», 1959 թ.), Արսենը («Նվագախմբի տղաները», 1960 թ.), Գասպարը («Եռանկյունի», 1967 թ.), Իշխանը («Մենք ենք, մեր սարերը», 1969 թ.), Նիկոլը («Հին օրերի երգը», 1982 թ.), Ռուբենը («Մեր մանկության տանգոն», 1984 թ.) և այլն:
Նկարահանվել է նաև Մոսֆիլմում («Կովկասի գերուհին», 1967 թ., «Միմինո», 1978 թ., «Ունայնություն ունայնության», 1979 թ., և այլն), որոնցում խաղացված դերակատարումները գնահատվել են պետական բարձր պարգևներով։
Մհեր Մկրտրյանը մահացել է 1993 թվականի դեկտեմբերի 29-ին:
Մկրտչյանն արժանացել է ԽՍՀՄ (1978 թ.) և ՀԽՍՀ (1979 թ.) Պետական մրցանակների, պարգևատրվել ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով (2001 թ., հետմահու):
Մկրտչյանն ունեցել է երկու անուն, առաջինը Մհեր. այսպես նրան դիմել են տանը, երկրորդը՝ Ֆրունզ. նրան անվանել են այդպես ի պատիվ հայտնի քաղաքացիական պատերազմի հերոս Միխայիլ Ֆրունզեի: Մի անձնագրում դերասանը ստորագրել է որպես Ֆրունզ Մկրտչյան, մեկ ուրիշում՝ որպես Մհեր Մկրտչյան:
«Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ: Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և՜ լաց կա, և՜ ծիծաղ, և՜ հումոր»,- ասել է Մհեր Մկրտչյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին