«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը մեկնարկել է սոցիալական ուղղվածության համերգների շարք
«Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ում կայացավ «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կրթաթոշակառուների համերգը, որին մասնակից դարձան նաև մանկատան սաները:
«Մեր սաները հաճույքով մասնակից դարձան համերգային ծրագրին՝ նվագելով և երգելով: Հիմնադրամի կրթաթոշակառուներին ու մանկատան սաներին միավորեց ընդհանուր հետաքրքրությունն ու սերը երաժշտության նկատմամբ», -ասել է «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Տաթևիկ Մաթևոսյանը՝ ողջունելով նախաձեռնությունը:
Իր հերթին «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի տնօրեն Աննա Տեր- Հավակիմյանը ասել է, որ սա «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուների առաջին նմանատիպ համերգն էր՝ սոցիալական ուղղվածության, մինչ այդ նրանք բազմիցս հանդես են եկել համերգներով տարբեր բեմերում:
«Գաղափարը ծնվեց հենց մեր կրթաթոշակառուներից ֆլեյտահար Վիկտորիա Պետրոսյանի մոտ և մենք սիրով կազմակերպոցինք այդ հանդիպումը: Շատ ուրախալի էր, որ այս հանդիպումը անցավ մտերմիկ և շատ ջերմ մթնոլորտում: Անչափ հուզիչ էին մանկատան սաների կատարումները, որոնցով նրանք ողջունեցին մեզ: Հիմնադրամի կրթաթոշակառուներն ու մանկատան սաները միասին կատարեցին Կոմիտասի «Կաքավիկ»-ը, ինչը վկայում է մանկատան անձնակազմի կատարած մեծ աշխատանքի մասին: Համոզված եմ, որ այսպիսի այցելությունները շատ կարևոր են մեր երեխաների համար և մենք անպայման կրկին կայցելենք իրենց և այլ հաստատություններ, որտեղ երեխաները սպասում են մեզ»,- նշել է Աննա Տեր- Հովակիմյանը:
Հիմնադրամից հայտնում են, որ 14-ից 17-տարեկան պատանի 11 կրթաթոշակառուներ՝ Աիդա Ադամյանը (ջութակ), Օվսաննա Հարությունյանը (ջութակ), Անի Մելիքյանը (ջութակ), Հայկ Մարտիրոսյանը (ջութակ), Վիկտորյա Պետրոսյանը (ֆլեյտա), Հայկ Հեքեքյանը (հոբոյ), Արսեն Բալայանը (կլարնետ), Էդուարդ Գևորգյանը (դաշնամուր), Աիդա Ավանեսյանը (դաշնամուր), Էդուարդ Չավոշյանց (դաշնամուր), Սվետլանա Հակոբյան (դաշնամուր) կատարեցին Յ. Բախի, Կոմիտասի, Հ. Վենյավսկու, Պ. Չայկովսկու, Մ. Մանգանիի, Ֆ. Շոպենի, Մ. Վարդազարյանի, Պ. Չայկովսկու ստեղծագործությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան