Վրաստանում մեղուներին չեն ապահովագրում
Վերջին ամսվա ընթացքում Ախալքալաքում մեղվաբույծներն անհանգստացած են, քանի որ արջերը մտնում են մեղվանոցներ և ավիրում: Ոչ մի գյուղացու փեթակ ապահովագրված չէ։ Պարզվում է Վրաստանի գյուղնախարարությունը մեղուներին չի էլ ապահովագրում:
Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունից Jnews-ին հաստատել են, որ իրենց ընթացիկ նախագծերում չունեն մեղուների ապահովագրություն, բայց հնարավոր է առանձին ապահովագրական ընկերություններ ունենան։
Արջերն առաջին անգամ Ախալքալաքի շրջանի Մյասնիկյան գյուղ էին մտել հունիսի 9-ին և ավիրել Աբգարյաններին պատկանող մեղվանոց: Այնուհետև՝ Կարծախ, Դադեշ, Խավեթ, Բոզալի և այլ գյուղեր։
Ամենաշատ տուժել է Խավեթում Պետրոսյանների ընտանիքը: Նրանց պատկանող 13 փեթակից 5-ն ամբողջությամբ ոչնչացրել է արջը։
Գյուղացիները փոխհատուցում ստանալու համար դիմում են ներկայացրել Ախալքալաքի քաղաքապետարան, սակայն նրանց ասել են, որ չեն կարող փոխհատուցում տալ: