Կներեք, բայց Սահմանադրության տոնը շնորհավորելու սիրտ չկա. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրում է.
«Կներեք, բայց Սահմանադրության տոնը շնորհավորելու սիրտ չկա։
Այս ողջ շրջանում համբերատար լսել եմ բոլոր տեսակի քննադատությունները։ Հանրության ոչ այնքան իրազեկված մի հատված պարզապես իներցիայի ուժով կրկնում է զուտ քաղաքականացված գաղափարները՝ «այս ողջ դժբախտության պատճառը Սահմանադրությունն է» ոճի մեջ, դե իսկ «սահմանադրագետները» և քաղաքականության մեջ հայտնված բազում սկսնակները այն համարում եմ չարիք և այլն։
Մի քանի նկատառումներ այն մասին, թե ովքեր են առավել մոլի քննադատները՝
- ովքեր արագ ու սահուն ստանձնել են նույն այդ Սահմանադրության պահապանի և երաշխավորի բարձր դերակատարումը։ Անկեղծ, չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է սրբորեն պահպանես այն, ինչ տարիներ շարունակ մերժել ես ու նսեմացրել,
- ովքեր խոսում էին Սահմանադրության անհապաղ փոփոխությունների մասին, հատկապես նկատի ունենալով, այսպես կոչված, սուպերվարչապետությունը, բայց արդեն 3 տարի անց հրապարակեցին հայեցակարգային հիմնադրույթներ, որոնցում ոչ միայն ակնարկ չկար դրա մասին, այլև առանցքային էր համարվել այնպիսի անմեղ ու քաղաքակիրթ դրույթի վերացումը, ինչպիսին էր անձի վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ տալու արգելքը։ Ի դեպ, այս շրջանում ընդունված օրենքներում արդեն իսկ այդ արգելքն անտեսվել է՝ համարել են փոփոխությունները կատարված. դրա վառ ապացույցն է նաև վերջերս կիրառման մեջ դրված ՀՀ քրեական օրենսգիրքը (9-րդ հոդված),
- հանրային լսումները ֆետիշացնող այն դեմքերը, ովքեր Սահմանադրության խախտմամբ նույն Սահմանադրության մեջ փոփոխություններ են կատարում ընդամենը հաշված օրերի ընթացքում, չսպասելով անգամ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը,
֊ ովքեր ՍԴ֊ի կազմի վերանայումը փոխկապակցում էին մեծ չափերի հասնող ներդրումների հետ,
- ովքեր պետության ինքնիշխանության հետ անմիջական աղերսներ ունեցող միջազգային պայմանագրերը ստորագրում և գործի են դնում՝ առանց Սահմանադրության 116-րդ հոդվածով նախատեսված վավերացման և այլն։
Հ.Գ. Դուք շարունակեք բոլոր ձախողումների միակ պատճառը համարել Սահմանադրությունը, այդպես ապահով է։ Ի դեպ, գործող Սահմանադրության մեջ իմ առաջարկությամբ է «մարդու իրավունքները բարձրագույն արժեք են» դրույթը փոխարինվել «մարդը բարձրագույն արժեք է» դրույթով ...»։