Եգիպտոսում շնաձկների հարձակումների պատճառը ոչխարներով բեռնված նավի խորտակումն է
Եգիպտոսի Հուրգադա քաղաքում շնաձկների հարձակումների հետևանքով Սահլ-Հաշիշ հանգստյան գոտու լողափերը մի քանի օր փակ կլինեն։ Այն գտնվում է Հուրգադայի հարավային մասում, օդանավակայանից հեռու է 20 կմ։ Նշենք, որ այս հանգստյան գոտում է գտնվում նաև «Բարոն» շքեղ հյուրանոցը։
«Այս լողափերը միշտ լի են եղել զբոսաշրջիկներով, հիմա արդեն նաև շնաձկներով»,-գրում է «МИР 24»-ը։
«Խորտակվել է մի նավ, որի մեջ եղել է 1600 ոչխար։ Շնաձկները եկել են մսի հոտի վրա։ Սա նրանց համար անսովոր սնունդ է, շնաձկներն իրենց էկոհամակարգում սովոր են ձուկ ուտել։ Եվ ոչխարների հոտը նրանց գրգռել է, և այժմ նրանք լողում են դեպի ափեր։ Նավը շրջվել է ափից ոչ շատ հեռու։ Անհրաժեշտ էր ապահովել զբոսաշրջիկների անվտանգությունը։ Իշխանություններն իմացել են այդ մասին, ողբերգությունից հնարավոր էր խուսափել»,-ասել է «Ծովային հրեշտակներ» ակումբի ղեկավար, դայվինգի հրահանգիչ Եկատերինա Ռիշկովան:
«Հիմա լողափերը փակել են երեք օրով, այն էլ միայն Սահլ-Հաշիշից մինչև Մակադի-Բեյ։ Դա շատ քիչ է։ Պետք է փակել ամբողջ լողափերը մինչև Էլ-Գունա, և ոչ երեք օրով»,-ասել է «Զբոսաշրջային գործակալությունների ալյանսի» փոխնախագահ Ալեքսեյ Մկրտչյանը։
«Կոմսոմոլսկայա պրավդա»-ն մանրամասնում է, որ շոգենավը շրջվել է Եգիպտոսի հարևան Սուդանի ափերի մոտ։ Ոչխարները տեղափոխվում էին Սաուդյան Արաբիա, որտեղ հուլիսի 9-ին նշվում է Կուրբան Բայրամ տոնը, որի ընթացքում գառներ, ոչխարներ, այծեր ու խոշոր եղջերավոր անասուններ են զոհաբերում։
Հիշեցնենք, որ Եգիպտոսում հուլիսի մեկին վերջին տարիների ընթացքում առաջին անգամ շնաձկան հարձակման հետևանքով զոհվեցին երկու կանայք։
Եգիպտոսի շրջակա միջավայրի նախարարությունը հաստատեց տեղի ունեցածն ու ցավակցեց զոհերի ընտանիքներին։ Ձևավորվել է հանձնաժողով, որը կուսումնասիրի բոլոր հանգամանքները, չի գործում Սահլ-Հաշիշ հանգստյան գոտին, որը Հուրգադայից մի քանի կմ հեռավորության վրա է գտնվում։ Այստեղ չի կարելի լողալ, դայվինգ, ձկնորսություն և այլն։
Զոհվածներից մեկը Ավստրիայի քաղաքացի է, շնաձուկը կերել էր նրա ոտքն ու ձեռքը։ Նա վերջին տարիներին ամուսնու հետ ապրում էր Եգիպտոսում։ Մյուս զոհվածը Ռումինիայի քաղաքացի էր։ Նրա անշնչացած մարմինը գտել են Ավստրիայի քաղաքացու վրա հարձակումից ժամեր անց։ Դեպքերը տեղի էին ունեցել 600 մ հեռավորության վրա։ Հուլիսի 3-ին շնաձուկ նկատել են մեկ այլ լողափում։
Հարակից հրապարակումներ`
- Ինչ անել, երբ ծովում հանդիպում ես շնաձկան. Եգիպտոսում պատահածի հետքերով
- Եգիպտոսում շնաձկան հարձակման հետևանքով ռումինուհի է զոհվել
- Հուրգադայում շնաձկան հարձակման հետևանքով մահացած կինը զբոսաշրջիկ չի եղել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան