Թշնամին կրակ է բացել Խաչիկի հատվածում տեղակայված հայկական դիրքերի, գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ
Թշնամու կողմից Վայոց Ձորի Խաչիկ գյուղի ուղղությամբ կրակոցների ու դրանց պատճառած վնասների մասին հարցերին վարչական շրջանի ղեկավար Հովիկ Սմբատյանը չի պատասխանում։
«Ոչինչ չեմ ասի, անվտանգության կանոնները պահելու համար զանգեք պաշտպանության նախարարությունից ճշտեք»,-ասաց նա՝ անպատասխան թողնելով նաև իր մեքենայի վրա կրակելու մասին հարցը։
Պաշտպանության նախարարությունից Panorama.am-ին ասացին, եթե հարցը Խաչիկի մասին է, ապա կայքում կլինի հաղորդագրություն։
Տարածված տեղեկությունների համաձայն, երեկ առավոտյան հակառակորդը կրակ է բացել գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է Սմբատյանի մեքենան։
Վայրկյաններ առաջ ՊՆ-ն հրապարակեց հետևյալ հաղորդագրությունը.
«Հուլիսի 4-ին, ժամը 21։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է համայնքի ղեկավարի ավտոմեքենան։
Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան»։