Պատերազմում զոհվածի հորը ծեծողին Փաշինյանն անձամբ է պարգևատրել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Դիմադրության շարժման ընթացքում ցուցարարների նկատմամբ բիրտ ու անբարյացկամ վերաբերմունքով աչքի ընկած ոստիկանները մեկը մյուսի ետեւից պարգեւատրվում են իշխանությունների կողմից։ Մենք արդեն մի քանիսի պաշտոնների բարձրացման մասին գրել ենք: Պարզվում է՝ նույնիսկ 44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի հորը՝ Զավեն Մկրտչյանին ծեծի ենթարկած ոստիկանն է պարգեւատրվել և այն էլ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։
Խոսքը ՀՀ ոստիկանության զորքերի 1032 զորամասի (Դավիթաշենի) հատուկ գնդի հրամանատարի տեղակալ Սերոբ Մարգարյանի մասին է, որին Փաշինյանը մեդալ եւ պատվոգիր է շնորհել հունիսի 24-ին, երբ մասնակցում էր Ոստիկանության զորքերի կազմավորման 30-ամյակին նվիրված միջոցառմանը։
Հունիսի 3-ին Կառավարական առանձնատների դիմաց՝ Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում տեղի ունեցած հայտնի միջադեպի ժամանակ, երբ խաղաղ ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցներ ու բիրտ ուժ կիրառվեց, ՀՀ ոստիկանության զորքերի 1032 զորամասի (Դավիթաշենի) հատուկ նշանակության ստորաբաժանման մի խումբ սեւ բերտավորներ ակնհայտ բռնի ուժ կիրառելով` բերման էին ենթարկել զոհվածի հորը։ Նրանցից ոմանք ոտքով, ոմանք բռունցքներով հարվածում էին հերոսի հոր գլխին, մարմնի տարբեր մասերին։
Հերոսի հոր ծեծին ներկա էր անգամ 1032 զորամասի գնդի հրամանատար Հովհաննես Զաքարյանը, իսկ ծեծին անմիջապես իր ակտիվ մասնակցությունն էր ցուցաբերում Զաքարյանի տեղակալը՝ Սերոբ Մարգարյանը․ տեսագրությունից երեւում է, թե ինչպես է ձեռքի մահակը նա սեղմում զոհվածի հոր գլխին։ Փաստացի, հանրության աչքի առջեւ տեղի ունեցած բարբարոսության գլխավոր դերակատարներից մեկը, ում նկատմամբ պետք է ծառայողական քննություն իրականացվեր, Փաշինյանը ցուցադրաբար մեդալ է շնորհում: Դրանով ցույց տալով, որ բոլոր այդպիսիները, որոնք պաշտպանում են իր անձը գտնվում են իր բարձր հովանու ներքո։ Ի դեպ, ոստիկանության մեր աղբյուրներն ասում են, որ թե պետը, թե տեղակալը հայտնի նիկոլականներ են, նրանց համակարգում զոմբի են ասում։
Զոհվածի հայրը` Զավեն Մկրտչյանը հունիսի 4-ին Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքին պատմել էր իր նկատմամբ իրականացրած բռնության մասին. «Երբ ես ընկա այդ ոհմակի մեջ, վայրկյանական պատռեցին տղայիս նկարով շապիկը։ Զգում էի, որ վայրկյանում 10 հարված էի ստանում գլխիս։ Գլուխս իջեցրին ներքև, ու ես զգում էի, թե ինչքան հարված եմ ստանում տարբեր կողմերից, մարմնիս տարբեր մասերին։ Առանձնակի դաժանությամբ այդ հարվածների ուժգնությունը ես գլխիս վրա էի զգում։ Ասում էի՝ ես հերոսի պապա եմ, էս ի՞նչ եք անում, ասացին՝ հենց դրա համար էլ ծեծում ենք․․․ Ասացի՝ ի՞նչ եմ ես ձեզ արել, որ նման կերպ եք վարվում, պատասխանեցին՝ սո՛ւս մնա, թե չէ ձեռքերդ կջարդենք․․․»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Որ ճանապարհներով են Թուրքիան ու Ադրբեջանը կապվելու իրար
- «Հրապարակ». ՔՊ-ում մտադիր են արձակուրդային այս սեզոնին 24 ժամյա ռեժիմով քննարկել և սղղացնել Պաշտպանության մասին աղմկահարույց օրենքը
- «Ժողովուրդ». Մինչ Աննա Վարդապետյանի գալը պաշտոնից ազատման դիմումներ կգրեն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները
- «Հրապարակ». ԱՄՆ կոնգրեսականները չժամանեցին Հայաստան
- «Ժողովուրդ». Երևանում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասով հարցման տվյալները ոգևորիչ չեն եղել քաղաքական իշխանության համար
- «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով մեկնել է Եվրոպա
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան