Ռուսաստանի դրոշով նավը մտել է Բաթումի նավահանգիստ
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության պարզաբանմամբ՝ հուլիսի 4-ին, ժամը 22:05-ին Հայաստանի Հանրապետություն մեկնող տարանցիկ բեռներով բեռնված նավը Ռուսաստանի դրոշով մտել է Բաթումի ծովային նավահանգիստ։ Այս մասին գրում է «Ալիք մեդիա»-ն։
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ծովային տրանսպորտի գործակալության իրականացրած զննման արդյունքում հաստատվել է, որ միջազգային պատժամիջոցները չեն տարածվում նավի և նավի սեփականատեր ընկերության վրա:
Միաժամանակ, ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության պարզաբանմամբ՝ Բաթումի ծովային նավահանգստի Սաղուզի տարածքում Ռուսաստանի դրոշով նավարկվող երկրորդ նավն առանց բեռի է։
Ծովային տրանսպորտի գործակալության տվյալներով՝ նավը ժամանել է Եգիպտոսի «Դամիետա» նավահանգստից և նախատեսում է բեռ արտահանել Բաթումի նավահանգստից։ Նշված նավի, նաև բեռի վրա որևէ սահմանափակում չկա (նշված տեղեկությունը` պաշտոնական տվյալների հիման վրա, հունիսի 30-ին հրապարակել է Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը)։