Իշխան Սաղաթելյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանում
Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Եվրոպական Խորհրդարանում։ Այս մասին հայտնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից։
Հանդիպումներ են կայացել Եվրոպական Խորհրդարանի պատգամավորներ, ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ Պետեր Վիտանովի, Եվրոպական Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկսա Ֆուրլասի, Խորհրդարանի ECR քաղաքական խմբի փոխնախագահ Չառլի Վայմերի հետ։
Աշխատանքային օրվա ավարտին Իշխան Սաղաթելյանը հանդիպում է ունեցել նաև Եվրոպական Խորհրդարանի փոխնախագահ Հեիդի Հաութալայի հետ։
Հանդիպումների ընթացքում առանձնահատուկ քննարկման նյութ են դարձել Հայաստանի ու Արցախի շուրջ առկա անվտանգային մարտահրավերները և ադրբեջանական շարունակական ագրեսիան։ Իշխան Սաղաթելյանը կարևորել է Արցախի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և կարգավիճակի հարցը, որպես Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության և հակամարտության կարգավորման միջոց։ Շեշտվել է, որ հայ ժողովրդի համար անընդունելի է որևէ լուծում, որով Արցախը կլինի Ադրբեջանի կազմում։
Եվրոպացի գործընկերներին են ներկայացվել նաև «Դիմադրության» շարժման նպատակներն ու առաջիկա ծրագրերը, քննարկվել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։
Իշխան Սաղաթելյանի այցը կավարտվի մի քանի օրից։