Թշնամին Սև լճի հատվածում վերահսկում է ռազմավարական բարձունքներ և13 քկմ տարածք․ «Հետք»
2021 թ. մայիսի 12-ին ադրբեջանական զինված խմբավորումները ներխուժեցին ոչ միայն Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիսի տարածաշրջան, այլև ՀՀ սուվերեն տարածք մտան Սյունիքի մարզի Սև լճի հատվածում՝ խորանալով մինչև 3 կմ:Այս մասին գրում է «Հետք»-ը։
Գեղարքունիքում թշնամու օկուպացրած առնվազն 3200 հա (32 քկմ) տարածքի մասին գրել ենք: Նկատենք, սակայն, որ հաշվի առնելով ամերիկյան «Google» ընկերության քարտեզի թարմացումները՝ այդ թվի մեջ չենք ներառել Վարդենիսի Կութ գյուղի հատվածում ադրբեջանցիների առաջխաղացումը, որն առայժմ «Google»-ի քարտեզում չի երևում:
2021-ի մայիսին Վարդենիսի հատվածում թշնամին ՀՀ սուվերեն տարածքից օկուպացրել է առնվազն 3200 հեկտար
Այս անգամ կանդրադառնանք Սեւ լճի հատվածում թշնամու օկուպացիային, որն ընդգրկում է Իշխանատափ, Գլուխ Ձագեձորի եւ Փոքր Իշխանասար գագաթների միջեւ ընկած տարածքը, ներառյալ՝ Սեւ լիճն ու դրա հարեւան Ջիլի լիճը:
Մայիսի 12-ին ադրբեջանցիներն ապօրինաբար առաջացել ու զբաղեցրել են երկու լճերին հարակից բարձունքները ՀՀ սուվերեն տարածքում՝ հսկողություն սահմանելով ոչ միայն դրանց եւ ավելի ցածրադիր տարածքների հանդեպ, այլեւ տեսադաշտ բացելով դեպի Գորիս: Ըստ խորհրդային քարտեզների՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանն անցնում է Սեւ լճի վրայով: Լճի հայելու մակերեսը, համաձայն «Google»-ի քարտեզի, 1,7 քկմ է (170 հեկտար), որից Ադրբեջանի տարածքում է գտնվում 0,3 քկմ-ն (30 հա), այսինքն՝ ընդամենը 18 տոկոսը, այնինչ այսօր ամբողջ լիճը հայտնվել է թշնամու վերահսկողության ու դիտարկման տակ:
Հայկական կողմի հասանելիությունը Սև լճին հարաբերական է
Նկատենք, որ հայկական կողմն, այդուհանդերձ, հարավ-արեւմուտքից հասանելիություն ունի լճին: Ընթերցողները գուցե կհիշեն, որ այն ժամանակվա փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մի քանի պաշտոնյաների հետ այցելել էր Սեւ լիճ ու 2021-ի մայիսի 15-ին լուսանկարներ հրապարակել հենց այդ՝ հարավարեւմտյան ափից: ՀՀ տարբեր տրամաչափի պաշտոնյաներ եւ իշխանական ու իշխանամերձ լրատվամիջոցներ այդ օրերին պարբերաբար պնդում էին, որ լճի հանդեպ հայկական ուժերն ունեն վերահսկողություն, սակայն իրականությունը թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա այլ է:
Եթե նայենք ռելիեֆին, կտեսնենք, որ լճին մերոնց հասանելիությունը հարաբերական է (վերահսկողության մասին խոսելը չափազանցություն կլինի), քանի որ դեպի լճի հարավարեւմտյան ափ տանող ճանապարհը եւ ափի մոտ տեղադրված հայկական դիրքերը գտնվում են հարակից բարձունքները զավթած թշնամու անմիջական դիտարկման տակ: Ադբեջանցիները Սեւ լճի մոտ զբաղեցրել են ռազմավարական նշանակության երկու լեռ. 3451 մ բարձրություն ունեցող Փոքր Իշխանասար լեռնագագաթը՝ արեւմուտքից (ներքեւի լուսանկարում ամենից ձախ գտնվող կապույտ կետն է) եւ Գլուխ Ձագեձորի գագաթը (3233 մ)՝ հարավից (ներքեւի լուսանկարում ամենից աջ գտնվող կապույտ կետն է):
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Հարակից հրապարակումներ`
- Որոշ տեղեկություններով՝ Սև լճի մոտ բացի ադրբեջանական զինյալներից կան նաև թուրքական զինյալներ. Հայկ Մամիջանյան
- Սև լճի տարածքում հայկական ԶՈւ-ի գործողություններից հետո Ադրբեջանը դիմել է ռուսական կողմին՝ իրադրությունը հանգուցալուծելու
- Ադրբեջանցիները դիտավորյալ հրդեհել են Սև լճի հարակից խոտածածկ տարածքը
- Շուրջ 40 օր է տեղեկություններ չունենք Սև լճի հատվածում կորած մեր երկու զինծառայողների մասին. Տիգրան Աբրահամյան
- ՊՆ. Ադրբեջանական ԶՈւ-ն Սև լճի հատվածում փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել
- ՊՆ. Ադրբեջանը կրակ է բացել Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
- Սև լճի հարակից տարածքում Ադրբեջանը մեկ հարկանի քարե շինություն է կառուցել․ Իրինա Յոլյան