Տիգրան Աբրահամյան. Չստացվի այնպես որ «ունքը դզելու փոխարեն աչքը հանվի», ինչը հատուկ է այս իշխանությանը
ԱԺ «Պատիվ ուն եմ» խմբակցության պատգամավոր, անվտանգության հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Պաշտպանության նախարարն այսօր հայտարարել է, որ մտադրություն ունեն Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանները միավորել՝ ստեղծելով ռազմական ակադեմիա, որտեղ նաև ավելանալու է ֆակուլտետ սահմանապահ զորքերի ուսուցման համար:
Այն, որ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայության առանձնահատկությունները հաշվի առնելով նման ֆակուլտետի անհրաժեշություն կա, դա միանշանակ է, այլ բան է, թե ուսուցման գործընթացը ինչպե՞ս է կազմակերպվելու, ի՞նչ մասնագետներով և ի՞նչ բովանադակությամբ:
Բայց ասելիքս այլ բանի մասին է: Երկու համալսարանների միավորման թեման տարբեր ժամանակներում քննարկվել է և դրանք չմիավորելու հիմնական պատճառը եղել է երկու բուհերի ու հատկապես ռազմական ավիացիոն համալսարանի բազայի՝ որպես առանձին միավոր գործելու նպատակահարմարությունը:
Վերջին տասնամյակում ռազմական ավիացիոն համալսարանը նաև լուրջ աշխատանքներ է տանում անօդաչու թռչող սարքերի ուղղությամբ՝ և կրթական, և պատրաստության, և թե ուսումնասիրությունների մասով ու մասնագետները պնդում են, որ այդ երկու ռազմական համալսարանների միավորումը ոչ միայն ուսումնա-մասնագիտական հարցերում խնդիր չի լուծի, այլ նոր խնդիրներ կհարուցի:
Ես ինքս հակված եմ այս 2 բուհերի առանձին գործելուն՝ անկախ դիմորդների թվից, համենայդեպս, այս տարիներին, բուհերի դասախոսական կազմի, մասնագետների հետ զրույցներում ավելի համոզիչ են եղել բուհերի՝ առանձին գործելու հիմնավորումները:
Կրկնում եմ՝ ռազմական կրթության հարցը պետք է լինի զինված ուժերի բարեփոխումների առաջնային ուղղություններից, սակայն դրա հիմքում պետք է դրվի որակի, բովանդակության և անհրաժեշտ միջավայրի ձևավորման, այլ ոչ թե մեխանիկական միավորումների հարցը:
Միանշանակ է, որ ռազմական կրթության առումով արմատական բարեփոխումների անհրաժեշտություն կա, սա ուղղակի քննարկման ենթակա էլ չի, բայց չստացվի այնպես որ «ունքը դզելու փոխարեն աչքը հանվի», ինչը հատուկ է այս իշխանությանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան