Ադրբեջանի՝ միլիարդներով զենք գնելուն ՀՀ իշխանությունները պատասխանում են 4 տարի հետո հայ սպային բնակարան հատկացնելու որոշումով
«Մենք թևակոխում ենք բանակի լիարժեք առողջացման փուլ և այդ հնարավորությունը ստեղծում ենք սոցիալական փաթեթը լիարժեք ձևավորելու ճանապարհն ընտրելով»,- «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Նրա խոսքով այն կապված է կրթության հետ, քանի որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ուսումնարանը, կամ այլ երկրի ռազմական ուսումնարարններն ավարտած ՀՀ ԶՈՒ սպաները միանգամից կապահովվեն բնակարանով, ինչը կխթանի դիմորդների թվի աճը:
«Կրթությունը երբ դառնում է առաջնահերթ, մրցակցությունն անմիջապես հետևից գալիս է»,-հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը:
Նա հավաստիացրեց, որ եթե ոչ այս տարի, ապա մյուս տարի ռազմական ուսումնարան ընդունվել ցանկացողների հսկայական թվեր կունենանք, առավել ևս, որ չեն ուշանալու սոցիալական փաթեթի այլ բաղադրիչները՝ ֆինանսական, ընտանիքի անդամներին վերաբերող և այլն:
«Պետք չէ մանր դետալների մեջ մտնել, սա հեղափոխական ռեֆորմ է»,-հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը:
Արձանագրենք, որ նախագծով նախատեսվում է Ռազմական բուհերն ավարտած և ՀՀ ԶՈՒ-երում 20 տարվա ծառայության պայմանագիր կնքած սպաներին հատկացնել բնակարան, որն այդ ժամկետի ավարտից հետո սեփականության իրավունքով կհանձնվի զինծառայողին:
Նկատենք սակայն, որ օրենքը տարածվում է 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած զինծառայողների վրա:
Այլ կերպ ասած՝ այս օրենքը կսկսի գործել առնվազն 4 տարի անց միայն, հետևաբար՝ մինչ ՀՀ իշխանությունները բանակի առողջացման ծրագրի շրջանակներում ընդունում է օրենք, որը կսկսի աշխատել 4 տարուց՝ Ադրբեջանի զինված ուժերն արդեն բարեփոխման արագ տեմպերին զուգահեռ հսկայական ռեսուրսներ է ներդնում սպառազինություն ձեռք բերելու համար:
Հարակից հրապարակումներ`
- 2022 թ. հունվար -մարտին ՇՄՆ-ն տվել է ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման 18 թույլտվություն. Գայանե Գաբրիելյան
- ԱԺ այսօրվա արտահերթ նիստի 23 նախագծերից 15-ը 3-ժամյա արագացված քննարկման ռեժիմով են ընդունվելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան