ԵՊՀ-ում ուսումնասիրվում են որոշ դեղանյութերի փոխազդեցության մեխանիզմները կենսամակրոմոլեկուլների հետ
ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ֆինանսավորման է երաշխավորել «Շիճուկային ալբումինի և նուկլեինաթթուների հետ որոշ դեղանյութերի կոմպլեքսագոյացման առանձնահատկությունների համեմատական հետազոտություն» գիտական թեման:
ԵՊՀ հանրային կապերի և մարքեթինգի վարչության փոխանցմամբ, այն ներկայացրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաֆիզիկայի ամբիոնը։
ԵՊՀ կենսաբանության ինստիտուտի՝ ենթաբջջային կառուցվածքների կենսաֆիզիկայի լաբորատորիայի ղեկավար, կ.գ.դ., պրոֆ. Պողոս Վարդևանյանի խոսքով, նախագծի նպատակն է ուսումնասիրել ցածրամոլեկուլային միացությունների՝ լիգանդների փոխազդեցության առանձնահատկությունները կարևորագույն կենսաբանական մակրոմոլեկուլներ ԴՆԹ-ի, երկշղթա ՌՆԹ-ի մոդել «poly(rA)-poly(rU)»-ի և շիճուկային ալբումինի հետ։ Աշխատանքային խումբն իրականացնում է շիճուկային ալբումինի և սինթետիկ նուկլեինաթթուների հետ դեղաբանական կիրառություն ունեցող տարբեր միացությունների փոխազդեցության ուսումնասիրություններ:
Ըստ աղբյուրի, շիճուկային ալբումինի կարևոր հատկություններից է տարբեր միացությունների կապումը արյան պլազմայում և դրանց տեղափոխությունը դեպի հյուսվածքներ և բջիջներ: Միևնույն ժամանակ, սակայն, այդ սպիտակուցը կարող է նվազեցնել ազատ դեղանյութի կոնցենտրացիան, որով որոշվում է վերջինիս ֆիզիոլոգիական ակտիվությունը։ Հետևաբար, շիճուկային ալբումինի նկատմամբ դեղանյութի խնամակցության հայտնաբերումը կարևոր է, նույնիսկ եթե դա միակ գործոնը չէ շիճուկում ազատ դեղամիջոցի կոնցենտրացիան որոշելու համար:
Պրոֆեսոր Վարդևանյանը, անդրադառնալով կատարվող ուսումնասիրությունների արդիականությանը, նշել է․ «Նուկլեինաթթուների (ՆԹ) և սպիտակուցների հետ լիգանդների փոխազդեցության ուսումնասիրությունների կարևորությունը պայմանավորված է բջջի կենսագործունեության վրա կենսաբանորեն ակտիվ միացությունների ազդեցության մոլեկուլային մեխանիզմների պարզաբանման անհրաժեշտությամբ՝ հաշվի առնելով այն փաստը, որ ներկայումս լայնորեն կիրառվում են մեծ թվով բնական և սինթետիկ միացություններ, որոնք օժտված են կենսաբանական բարձր ակտիվությամբ»։
Հետազոտությունները ձեռք են բերում նաև հիմնարար նշանակություն սպիտակուց-նուկլեինաթթու, մակրոմոլեկուլ-փոքր մոլեկուլ փոխազդեցության հիմքում ընկած մոլեկուլային ճանաչողության մեխանիզմները պարզաբանելու, ինչպես նաև նոր, ավելի արդյունավետ դեղամիջոցներ սինթեզելու համար:
«Այդ տեսակետից սպիտակուցները, լինելով կենսաբանական մակրոմոլեկուլների կարևոր դաս, իրենց ֆունկցիան իրականացնում են միմյանց կամ այլ մոլեկուլների հետ կապվելու միջոցով: Այն մեխանիզմների իմացությունը, որոնք պատասխանատու են սպիտակուց-լիգանդ ճանաչողության և կապման համար, կարող են էականորեն հեշտացնել նաև նոր դեղամիջոցների մշակումը կամ սինթեզված պրեպարատների ընտրությունը, ինչպես նաև նպաստել դրանց ազդեցության մեխանիզմների պարզաբանմանը»,- ասել է Պ. Վարդևանյանը:
Աշխատանքային խմբի ղեկավարը նաև նշել է, որ տարբեր հիվանդություններ՝ քաղցկեղային, աուտոիմունային և այլն, սկսվում են ՆԹ-ի կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխությունների արդյունքում: Որպես կենսաբանորեն կարևոր միացություններ` ընտրվել են բիսբենզիմիդազոլային ընտանիքի լիգանդները, որոնք հակաքաղցկեղային պոտենցիալ դեղամիջոցներ են: Շնորհիվ ԴՆԹ-ի փոքր ակոսում ԱԹ-հարուստ տեղամասերի հետ ամուր կապման՝ դրանք կարող են ազդել տրանսկրիպցիայի և տրանսլյացիայի վրա՝ արգելակելով տոպոիզոմերազ 1-ի և հելիկազների ակտիվությունը: Ենթադրվում է, որ այս հատկություններն են ընկած այդ միացությունների հակաքաղցկեղային ակտիվության հիմքում։
Գիտահետազոտական խմբի անդամներն են կ.գ.դ. Արա Անտոնյանը, կ.գ.դ. Մարինե Փարսադանյանը, կ.գ.թ. Մարիամ Շահինյանը, ինչպես նաև մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Էմմի Ավագյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան