Կոնֆիլկտաբան. Վրաստանի չեզոքությունը պրոռուսական քաղաքականությունը քողարկելու միջոց է
«ՆԱՏՕ-ն 2008 թվականին կարծիք էր հայտնել, որ Վրաստանը կարող է դառնալ անդամ երկիր, եվրոպական հեռանկար էր խոստացել նաև Եվրամիությունը՝ այն պարագայում, եթե Վրաստանը հստակ պարտավորություններ ստանձնի և կատարի դրանք, հակառակ դեպքում` ոչ մեկին էլ չի անդամակցի»,– «Ալիք Մեդիայի» հետ զրույցում, ամփոփելով վերջին շրջանում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում արված հայտարարություններն ու վրաստանյան արձագանքները, ասում է Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին նախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին:
Կոնֆլիկտաբանի խոսքով` այն պնդումը, թե Վրաստանը մինչև չվերականգնի տարածքային ամբողջականությունը՝ ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հորինվածքն է, քանի որ նա չի ցանկանում Վրաստանի անդամակցությունը ոչ ՆԱՏՕ-ին, ոչ էլ Եվրամիությանը։
«ՆԱՏՕ-ի ոչ մի բանաձևում, ոչ մի փաստաթղթում և առավել ևս առաջին դեմքի ներկայացուցչի խոսքում այդպիսի արտահայտություն չկա, թե` Վրաստանը քանի դեռ չի լուծել խնդիրները, չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ»,- հավելում է Զաքարեիշվիլին։
Մեր զրուցակիցը բացառում է, որ ՆԱՏՕ-ն կարող է օգնել Վրաստանին՝ վերականգնել տարածքային ամբողջականությունը։ Որպես փաստարկ` նա նշում է.
«ՆԱՏՕ-ն օգնում է երկրներին այն դեպքում, երբ դրանք գտնվում են իր հովանու ներքո։ Եթե Վրաստանը հիմա դառնա ՆԱՏՕ-ի անդամ, ապա ՆԱՏՕ-ն կճանաչի նրա ներկայիս տարածքային ամբողջականությունը, այլ ոչ թե կօգնի վերականգնել օկուպացված 20 տոկոսը»,- ասում է Զաքարեիշվիլին՝ հավելելով` երբ կդառնանք անդամ երկիր և հարձակում կլինի, ահա այդ դեպքում ՆԱՏՕ-ն կպաշտպանի տարածքային ամբողջականությունը։
Կոնֆլիկտաբանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նաև նկատում է՝ Ռուսաստանը չի «վախենում», որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ և կհասնի իր սահմաններին, Ռուսաստանը վախենում է Վրաստանի ժողովրդավարացումից։ Այս պնդման առիթով Զաքարեիշվիլին նշում է Ֆինլանդիայի օրինակը.
«Ֆինլանդիան Ռուսաստանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա է. ուրեմն` ինչո՞ւ Ռուսաստանը չվախեցավ և ինչ–ինչ քայլեր չձեռնարկեց Ֆինլանդիայի դեմ, որ վերջինս չանդամակցի ՆԱՏՕ-ին։ Որովհետև այնտեղ ժողովրդավարացումը բարձր մակարդակի վրա է»։
ՆԱՏՕ-ի հիմնական պահանջներն են` ժողովրդավարացումը, արդար ընտրությունները, փոքրամասնությունների պաշտպանությունը, և Ռուսաստանի համար վտանգը հենց Վրաստանի, Ուկրաինայի ժողովրդավարացումն է, որովհետև կարող է Նավալնիի նման մեկը հետագայում այդ արժեքները տարածել Ռուսաստանում։
Զաքարեիշվիլին նաև նկատում է՝ այս փուլում Վրաստանի համար չեզոք դիրքորոշումը շատ վտանգավոր է, քանի որ այս չեզոքությունը ձեռնտու է Ռուսաստանին, հետևաբար` չի բխում Վրաստանի շահերից. չեզոքությունը Վրաստանին հեռացնում է ազատ աշխարհից։
«Եթե ՆԱՏՕ-ում չես, ապա Ռուսաստանի կողմից ես, իսկ չեզոքությունը պրոռուսական քաղաքականությունը քողարկելու միջոց է»,- կարծում է կոնֆլիկտաբանը։
Զաքարեիշվիլին հավելում է՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար առնվազն 10 տարի պետք է սպասել, և հուսանք, որ իշխող «Վրացական երազանքը» այդքան երկար չի մնա իշխանության ղեկին` խոչընդոտ հանդիսանալով այդ ճանապարհին։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստան այցելողների թվով ռուսաստանցիներն առաջին տեղում են, Հայաստանը՝ երրորդ տեղում
- ՌԴ-ից Վրաստան դրամական փոխանցումներն աճել են 888 տոկոսով
- Եվրոպայում ապաստան հայցող Վրաստանի քաղաքացիների թիվն աճել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան