«Զգուշացեք էլեկտրական ինքնագլորներից»-ն ո՞ւմ տանձին է
Երևանի փողոցներում՝ հատկապես Կենտրոնում քայլելը, զբոսնելը դարձել է վտանգավոր։ Ամեն պահի էլեկտրական ինքնագլորով մեկը կամ դրա վրա կանգնած մի քանիսը կարող են վթարի ենթարկել հետիոտնին։
Վերջին նման դեպքը գրանցվել է երեկ։ Ինքագլորով տեղաշարժվող քաղաքացին ծնողի հետ քայլող երեխան վթարի է ենթարկել, երեխան վայր է ընկել, վնասել ճակատը։
Խնդրի մասին օրեր շարունակ բարձրաձայնում են բժիշկները, սոցիալական ցանցերի օգտատերերը, սակայն պետական մարմիններն արձակուրդում են ու անհաղորդ խնդրին։ Արդյունքում նորանոր մարդիկ են տուժում, առավել հաճախ երեխաներ։
Ոստիկանությունից Panorama.am-ին ասացին՝ որևէ բան անել չեն կարող, քանի որ ինքնագլորն օրենքով տրանսպորտային միջոց չի համարվում։ Օրենսդիր մարմնի ներկայացուցիչները, ինչպես տեսնում ենք, ավելի «կարևոր» գործով են զբաղված, քննադատում են ընդդիմությանը, նախկիններին, պաշտոնազրկում ԱԺ փոխնախագահին ու հանձնաժողովների նախագահներին։
Ու քանի որ ինքնագլորների մասնակցությամբ վթարների, միջադեպերի մեծ մասը տեղի է ունենում մայարքաղաք Երևանում, Panorama.am-ը քաղաքապետարանից հետաքրքրվեց՝ գուցե քաղաքային իշխանություննե՞րն են ինչ-որ նախաձեռնությամբ պատրաստվում հանդես գալ։ Քաղաքապետարանից ասացին՝ որևէ բան ասել չեն կարող։
Հավելվածների միջոցով վարձույթով ինքնագլորներ տրամադրող ընկերություններն էլ լուռ են, ինչպես ձուկը։ Որևէ մեկը զգուշության կոչ, հորդոր չի արել։ Ստացվում է, որ նրանց հետաքրում է իրենց գումարը, ոչ քաղաքացու առողջությունն ու կյանքը։ Սոցիալական զրո պատասխանատվություն։
Ինքնագլորների մասնակցությամբ միջադեպերի մասին Panorama.am-ն ահազանգել էր դեռ անցած տարի, երբ երեխայի հետ Ազատության հրապարակում զբոսնող մայրը վրաերթի էր ընթարկվել, ընկել գետնին, ինչի հետևանքով պատռվել էր տաբատն ու վնասվել ծունկը։ Խնդրի բարձրաձայնումից հետո քաղաքային իշխանությունները բավարարվեցին միայն հայտարարելով, որ հրապարակի տարածքում էլեկտրական ինքնագլորներ, հեծանիվներ, հեռակառավարման վահանակով աշխատող ավտոմեքենաներ տրամադրող տնտեսվարողները չունեն թույլտվություն։
Օրեր առաջ հրապարակված տեղեկատվության համաձայն, վերջին երեք ամսվա ընթացքում էլեկտրական ինքնագլորներից տուժած շուրջ 40 քաղաքացի է տեղափոխվել համալսարանական հիվանդանոց։ Սա մեկ բուժհաստատություն դիմածների թիվն է, իսկ իրականում տուժածների թիվն ավելի մեծ է, քանի որ շատերը բժշկի չեն դիմում, բուժօգնության համար դիմում են նաև պոլիկլինիկաներ։
Բայց դա ո՞ւմ է հետաքրքրում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին