Freedom House-ը Փաշինյանին կոչ է անում ԶԼՄ հարցերին պատասխանել ասուլիսների միջոցով
Freedom House-ը կոչ է անում Նիկոլ Փաշինյանին լրջորեն վերաբերվել ԶԼՄ-ների մտահոգություններին։
«Freedom House-ը նաև կոչ է անում Հայաստանի վարչապետին օգտագործել ուղիղ հաղորդակցման ուղիները, այդ թվում բաց և թափանցիկ մամուլի ասուլիսների միջոցով՝ ապահովելու ժողովրդավարության առողջ գործելը»,-ասված է իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ։
Freedom House also urges the Armenian Prime Minister to take the concerns of the media seriously and leverage direct communication channels including through open and transparent press-conferences to ensure a healthy functioning democracy. https://t.co/GqIH7y2lcx (2/3)
— Freedom House (@freedomhouse) July 7, 2022
Ըստ Freedom House-ի, Հայաստանի իշխանությունները պետք է աջակցեն անկախ լրատվամիջոցներին և քաղաքացիական հասարակությանը՝ ակտիվ երկխոսություն վարելով նրանց և ժողովրդի հետ, որպեսզի հակազդեն ապատեղեկատվությանը, որը սպառնալիք է Հայաստանի ժողովրդավարության համար երկրի կարևորագույն թեմաների շուրջ:
Կազմակերպությունը նաև ողջունել է «ծանր վիրավորանքի» ապաքրեականացումը։
Հիշեցնենք, որ մի քանի տասնյակ լրատվամիջոցներ հրաժարվեցին գրավոր հարցեր ուղղել Նիկոլ Փաշինյանին՝ հիմնավորելով.
«Այդ ասուլիսների ընթացքում լրատվամիջոցների ուղարկած հարցերը խմբավորվում և խմբագրվում են վարչապետի աշխատակազմում, ինչի արդյունքում հաճախ փաստացի աղավաղվում է հարցի բովանակությունը կամ սղվում են հարցի որոշ նրբերանգները, երբեմն էլ որոշ հարցեր ընդհանրապես չեն հնչեցվում։ Արդյունքում, ըստ էության, սահմանափակվում է հանրության՝ պատշաճ լրատվություն ստանալու հնարավորությունը։ Համարում ենք, որ երկրի ղեկավարի՝ նման ձևաչափով շփումը լրատվամիջոցների հետ խտրական է, ոչ արդյունավետ և հակասում է ժողովրդավարության առանցքային՝ թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներին»։
ԶԼՄ խմբագիրները կոչ էին արել Փաշինյանին վերադառնալ ասուլիսի դասական ձևին։