«Հրապարակ». Աննա Հակոբյանի այցով Փաշինյանը որոշել է «փչացնել» ըմբոստ համայնքապետերին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երկու օր է՝ վարչապետի կինը Սյունիքի մարզում է։ Մարզի մեր աղբյուրներն ասացին՝ եկել է հանգստանալու, շրջագայելու: Նա շրջում է համայնքներով, այցելում մշակույթի կենտրոններ, ժամանցի վայրեր, թանգարաններ: Մարզպետից մինչև վերջին համայնքապետ զբաղված են նրան ուղեկցելով: Երեկ տիկինը մեկնել էր Քաջարան։ Իշխանությունների կողմից հալածված քաղաքապետի` Մանվել Փարամազյանի ընդունելությունը շոկ առաջացրեց հանրության ակտիվ շրջանակներում: Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության նախկին անդամ Փարամազյանը ոչ թե սյունյաց ողջույններով, ինչպես տարիուկես առաջ վարչապետին էին դիմավորել, այլ ծաղկեփնջով էր դիմավորում նրա կնոջը:
Մեր աղբյուրներն ասում են, որ մյուս համայնքապետերն էլ են դիմավորել և աջակցել Աննա Հակոբյանին: Իսկ ամիսներ առաջ էլ Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանն էր շարունակաբար ներողություն խնդրում նրան վիրավորելու համար: Մեղրի համայնքի նորընտիր ղեկավարն էլ էր ուղեկցում Հակոբյանին: Երեկ նա եղել է Գորիսում, այցելել Բակունցի տուն-թանգարան, Կանանց ռեսուրս կենտրոն, որի գործադիր տնօրեն Ռուզաննա Տոռոզյանը Առուշ Առուշանյանի թիմակիցն է՝ ավագանու անդամ: Թեև ասացին, որ Գորիսի համայնքապետն անձամբ չի հանդիպել Հակոբյանին:
Այսօր նա կլինի Կապանում, և «ծաղկեփնջով» ներկայանալու հերթը համայնքապետ Փարսյանինն է: Ոմանք կարծում են, որ այս այցով Փաշինյանը որոշել է «փչացնել» ըմբոստ համայնքապետերին: Ի դեպ, Աննա Հակոբյանի այցից առաջ լցրել են Տաթև-Աղվանի ճանապարհի փոսերը, Տանձավերի հատվածում ասֆալտ են փռել: Նա մնում է Հալիձորի տարածքում գտնվող «Հարսնաձոր» համալիրում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան