Ստեփան Դանիելյան. Մի խոսքով, հոգևոր ու մարմնական սննդի կոմպլեմենտարիզմ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Գործող վարչապետին դուր է եկել Հիսուսի մեծ արձանը սարի գլխին տեղադրելու միտքը, որն, ըստ նրա, պետք է տուրիստներին գայթակղի գալ Հայաստան: Այսինքն, մարդիկ հատուկ գալու են Հայաստան, որպեսզի Հիսուսի արձանը տեսնեն:
Եթե Հիսուսի արձանի տեղադրումը ոչ թե կրանական, այլ տուրիստական ակտ է, ապա ըստ ժանրի կանոնների, արձանի մոտակայքում պետք է զարգանա հարակից ինֆրաստրուկտուրան՝ խաշանոցներ, հասարակաց տներ, նայթ քլաբներ, խաղատներ, հետո Հատիսի ստորոտում կարելի է գեյ փրայդներ կազմակերպել, դա էլ կխթանի տուրիզմը, հատկապես հարակից երկրների տուրսիտների համար, որտեղ դա անելը դժվար է: Բնական է, այդ ամենը սարքելուց, մոռանալու են հանրային զուգարանների մասին ու մոտակա ծառերի արանքում են տուրսիտները հոգալու կարիքները, հետո առանց ձեռքերը լվանալու, ճաշակելու են արձանի աստիճանների մոտ վաճառվող թթու լավաշն ու չորացրած մրգերը: Մի խոսքով, հոգևոր ու մարմնական սննդի կոմպլեմենտարիզմ:
Կառավարությունը Հիսուսի արձանի տեղադրումը հիմնավորում է տուրիզմով, նման ձևակերպումը աներևակայելի էր պատկերացնելը:
Մի պահ փորձեցի արձանի տեղադրմանը լուրջ մոտենալ, գնալ 7-9 դդ. պատկերամարտության ու պատկերապաշտության պայքարի աստվածաբանական ու բարոյագիտական ձևակերպումներին (Բյուզանդիայում պատկերմարտները հիմնականում հայերն էին ու հայ եկեղեցին էր հատկապես խիստ վերաբերվում դրան), հետո քննարկել Հին ու Նոր կտակարաններում կուռքերի պաշտամունքի արգելքին, տարբեր եկեղեցիների մոտեցմանն այդ հարցին, նաև հասկանալ, թե Իսլամում ինչպես են մոտենում պատկերների ու արձանների պաշտամունքին՝ կռապաշտությանը, որը հրեաների ու քրիստոնեաների ազդեցությամբ է ձևավորվել և այլն (նաև այսօրվա միրավիճակից բխող նման արձանների ու կրոնների հնարավոր դերին ու այդ արձանի խորհրդին): Հետո հասկացա, որ դրա իմաստը չկա էլ:
Մեկ է, մարդկանց մի մասը գնալու է արձանի մոտ պաշտամունք իրականացնելու (աքլոր ու գառ մորթելու), հետո, կես ժամ անց, արձանի տուրիստական զոնայում օգտվելու է վերը թվարկված տուրիստական ինֆրաստրուկտուրայի բարիքներից: Այլ իմաստ կառավարությունը չի էլ դրել արձանին տեղադրմանը դրական մոտեցում ցույց տալուց»։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը բյուջեից փոխհատուցեց Գագիկ Ծառուկյանի խաղատան կուտակած 4.2 մլրդ դրամ տուգանքը
- Ծառուկյան. Ամփոփվեց Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի նախաձեռնության մրցութային փուլը
- Եկեղեցին ընդունելի չի համարում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը. Մայր Աթոռ
- Հիսուս Քրիստոսի արձան-համալիրի մրցույթի առաջին փուլը հաղթահարած 21 հեղինակներին մեկ ամիս ժամանակ տրվեց