Ինչպե՞ս գրագետ կազմակերպել երեխայի ծովային հանգիստը
Ամռան այս շրջանում շատերն են մեկնում ծովափյա հանգստի։ Սակայն հաճախ, երբ երեխան փոքր է կամ նորածնային տարիքի, ծնողները երկմտում են՝ մեկնե՞լ երեխայի հետ այլ երկիր, թե՞ ոչ , կամ առհասարակ պե՞տք է արդյոք երեխային ծովափյա լոգանք, թե՝ ոչ։
Ծնողներին օգտակար խորհուրդներ տալու և երեխայի ծովափյնա հանգիստը գրագետ կազմակերպելու համար Panorama.am-ը զրուցել է նեոնատոլոգ Արթուր Ջանազյանի հետ։
Panorama.am- Ո՞ր տարիքից է ցուցված կամ խորհուրդ տրվում կազմակերպել երեխայի ծովափնյա հանգիստը։
Արթուր Ջանազյան-Այստեղ կարևոր է հասկանալ, թե երեխան որ տարիքից է ի վիճակի հաղթահարելու երկարատև ճանապարհորդությունները։ Այստեղ մոտեցումն անհատական է, քանի որ երեխա կա խնդիրը հաղթահարում է մեկ տարեկանից, մյուսը ՝ մի քանի ամսականից կամ ավելի բարձր տարիքից։ Պետք է այս հանգամանքին ուշադրություն դարձնել։ Իսկ ծովափնյա հանգիստը, օդը միանշանակ լավ ազդեցություն է ունենում երեխայի առողջության վրա։
Panorama.am- Ինչի՞ց պետք է զգուշանալ երեխայի հետ հանգստը կազմակերպելու ընթացքում, ինչպիսի՞ ռիսկեր կամ վտանգեր կան։
Արթուր Ջանազյան- Ինչպես նշեցի, հիմնական ռիսկը կապված է երկար ճանապարհի հետ, երբ երեխան կարող է վատ զգալ, փսխել և այլն։ Իսկ արդեն տեղում պետք է ուշադրություն դարձնել երեխայի ջրին և սննդին։ Հարկավոր է օգտագործել շշալցված ջուր։ Անպայման գնել, եթե նույնիսկ տեղում հավաստիացնում են, որ մաքուր ջուր է։ Ուտելիքը ցանկալի է, որ պատրաստեք ինքներդ կամ, հնարավորության դեպքում, խնդրել հյուրանոցի ռեստորանի անձնակազմին երեխայի համար հատուկ սնունդ հատկացնել, որպեսզի երեխայի աղեստամոքսային համակարգի հետ խնդիրներ չառաջանան։
Panorama.am - Ծովի ջուրը երեխայի համար լա՞վ է, թե՝ ոչ։
Արթուր Ջանազյան - Ամեն ինչ կախված է ջրի ջերմաստիճանից։ Ցանկալի է, որպեսզի ջրի ջերմաստիճանը 22 աստիճանից ցածր չլինի, իսկ օդի ջերմաստիճանը՝ մի քանի աստիճան ավելի բարձր։ Տեղափոխման առաջին օրը խորհուրդ չի տրվում երեխային ծով մտցնել։ Հարկավոր է մեկ-երկու օր սպասել, որպեսզի փոքրիկը սովորի տեղի կլիմային։ Այնուհետև, եթե կրծքի տարիքի երեխա է, հաճախակի կերակրել կա՛մ կրծքով, կա՛մ արհեստական կերով։
Panorama.am -Եվ վերջում, ի՞նչ խորհուրդ կտաք երեխայի հետ ծովային հանգստի մեկնող ծնողին։
Արթուր Ջանազյան -Ծնողներին խորհուրդ եմ տալիս հանգստի մեկնելուց առաջ անպայման պատրաստել դեղատուփ, որի մեջ ներառված կլինեն ջերմիջեցնող, փորլուծության կամ թունավորման դեմ դեղամիջոցներ, հիմնականում «Սմեկտա»։ Դեղատուփում պետք է լինի նաև «Ռեգիդրոն» կամ նմանատիպ այլ դեղորայք, հակաալերգիկ միջոցներ, ինչպես նաև մաշկի խոնավացման և արևայրուքի դեմ պաշտպանիչ քսուկներ։
Մասնագետը նաև հորդորեց՝ երեխային ոչ մի դեպքում մերկ չնստեցնել ավազին, քանի որ ինֆեկցիոն հիվանդությունների զգալի մասը փոխանցվում է հենց ավազից։ Պարտադիր է, որպեսզի երեխան լինի լողազգետով կամ այլ հագուստով։ Ամենից կարևոր է արևից պաշտպանել երեխայի գլուխը՝ լայնեզր գլխարկի օգնությամբ։
Եթե ուզում եք երեխաների հետ առանց խնդիրների և լիարժեք վայելել ծովային հանգիստը, ապա պետք է ականջալուր լինել մասնագետի խորհրդին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին