Արարատ Միրզոյան. ԼՂ հակամարտությունը դեռևս վերջնական կարգավորում պետք է ստանա բանակցությունների միջոցով
«Հակամարտությունը չի դադարում գոյություն ունենալ միայն այն պատճառով, որ կողմերից մեկը հայտարարում է, թե այն գոյություն չունի։ Դա ինքնախաբեություն է»,-հունիսի 27֊ին Հունաստան աշխատանքային այցի շրջանակներում հունական «Կաթիմերինի» պարբերականին տված հարցազրույցում ասել է ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, Հայաստանը պատրա՞ստ է ընդունել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ստատուս քվոն, եթե ոչ՝ ի՞նչ այլընտրանք կարող է լինել:
Միրզոյանը նաև ասել է՝ չնայած ադրբեջանական իշխանությունների պնդումներին, թե 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղը՝ որպես սուբյեկտ, այլևս գոյություն չունի, և որ հակամարտությունն ավարտված է, իրականությունն ու միջազգային հանրության դիրքորոշումը հակառակն են ապացուցում։
«Լեռնային Ղարաբաղը գոյություն ունի, գոյություն ունի իր հայ բնակչությամբ, որը շարունակում է ապրել իր նախնիների հողում, և որի անվտանգությունն այժմ ապահովում են ռուս խաղաղապահները՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, որով դադարեցվեց ավերիչ պատերազմը»,-նշել է նա։
Անդրադառնալով հակամարտության լուծմանը, Միրզոյանն ասել է.
«Մեր բազմաթիվ միջազգային գործընկերների և կազմակերպությունների, այդ թվում՝ միջնորդ երկրների պաշտոնական հայտարարությունները նույնպես հստակ ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս վերջնական կարգավորում պետք է ստանա բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո. կարգավորում, որը կերաշխավորի արցախահայության անվտանգությունը և բոլոր իրավունքների պաշտպանությունը, և համապատասխանաբար, դրանից բխող Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը»։
Հարակից հրապարակումներ`
- Արարատ Միրզոյան. Ադրբեջանը ցանկացած պահի կարող է լայնածավալ սադրանք սկսելու փորձ կատարել
- ԵԱՀԿ Մինսկի խմբի պահպանում՝ Ռուսաստանի առաջնային դերակատարությամբ. Արայիկ Հարությունյան
- ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ն նոր համանախագահ ունի
- Լավրով. ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին