Էստոնիայի վարչապետը հրաժարական է տալիս
Էստոնիայի Ռեֆորմիստական, Սոցիալ-դեմոկրատական և «Իսամաա» կուսակցությունների առաջնորդները պայմանավորվել են ստեղծել նոր կոալիցիա, ինչի կապակցությամբ կառավարության ներկայիս ղեկավար Կայա Կալլասը հրաժարական է տալիս՝ կրկին կաբինետը գլխավորելու համար։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Ուրբաթ օրը քննարկվել են էստոներենով կրթության անցնելու, էլեկտրաէներգիայի շուկայում բարեփոխումների իրականացման ու ընտանեկան նպաստներին վերաբերող մանրամասներ»,-ասված է կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ։
Ըստ այս երկրի օրենսդրության՝ կառավարության հրաժարականից հետո Կալլասը պետք է այդ մասին հայտարարությամբ հանդես գա խորհրդարանում։
Դրանից հետո նախագահ Ալար Կարիսը նրան կառաջադրի որպես վարչապետի նոր թեկնածու։
Այնուհետ Կալլասը խորհրդարանում ելույթ կունենա նոր իշխող կոալիցիայի մասին, պատգամավորները պետք է հաստատեն նրա մանդատը: Հաստատելուց հետո վարչապետը նախագահին կներկայացնի նոր կառավարությունը։