Հայաստանում ծնունդների թիվը նվազել է
2022 թվականի հունիսի 1-ի դրությամբ Հայաստանում ծնունդների թիվը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 800-ով նվազել է և կազմել է 13 հազար 581 ծնունդ։ Ասուլիսում տվյալները հրապարակեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի «Բնակչություն եւ զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը։
Նա հիշեցրեց, որ 2022 թվականի հունվարի 1-ից երրորդ երեխա ունեցող մայրերին վճարվում է ամսական 50 հազար դրամ մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։
«Արդեն հունիսի 1-ի դրությամբ մոտավորապես 4500 կին դիմել է այդ ծրագրին, այսինքն կարող եմ ասել, որ նշածս թվից 4500 ծնունդ երրորդ երեխան է, ինչը շատ ուրախալի փաստ է, թվերը բավականին բարձր են»,- նշեց նա։
Ա. Հովհաննիսյանն ասաց, որ մահացածների բացարձակ թիվը նվազել է, ինչը վերջին երկու տարիների ընթացքում առաջին անգամ է, քանի որ 2020 թվականից պայմանավորված կորոնավիրուսի համավարակով և 44-օրյա պատերազմով, մահացածների բացարձակ թվաքանակն անընդհատ աճում էր։
«Այս ընթացքում մահացածերի թիվը նվազել է, ինչը հնարավորություն է տվել ունենալ բնական հավելաճ, որը ծնվածների և մահացածների բացարձակ թվաքանակի տարբերությունն է։ Եթե անցյալ տարի նույն ժամանակահատվածի համար ունեցել ենք 127 բնական հավելաճ, այսինքն 127-ով ավելի երեխա է ծնվել, քան մահեր են արձանագրվել, ապա այս տարի նույն ժամանահատվածում ունենք 781 բնական հավելաճ։ Սա տեղի է ունեցել ի հաշիվ մահացածների թվաքանակի նվազման»,- նշեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի «Բնակչություն եւ զարգացում» ծրագրի համակարգողը։