Վերջերս տարածված է տանն ինքնակամ դեղորայքային աբորտներ իրականացնելու պրակտիկան, որը շատ վտանգավոր է. Նարինե Բեգլարյան
2021 թվականին իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ Հայաստանում անպտղության ցուցանիշը 16.8 տոկոս է։ Այս ցուցանիշը բարձր է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաստատած սահմանային ցուցանիշից՝ 15 տոկոս և դրանից ավելին արդեն բավական մտահոգիչ ցուցանիշ է։ «Անպտղության տարածվածությունը Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում» քանակական հետազոտության արդյունքները ներկայացնելիս ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի սեռական և վերարտադրողական առողջության ծրագրի համակարգող Նարինե Բեգլարյանը։
Նրա ներկայացրած կանոնի համաձայն, 12 ամիս և ավելի կանոնավոր և առանց բեղմնականխման միջոցների օգտագործման սեռական հարաբերությունների արդյունքում եթե կինը չի հղիանում, կոչվում է անպտղություն։ Տարանջատվում է առաջնային և երկրորդային անպտղություն։ Առաջնայինն այն է, երբ կինն ընդհանրապես չի հղիացել 12 ամիս և ավելի հարաբերությունների արդյունքում, երկրորդայինը, երբ զույգերն անցյալում ունեցել են առնվազն 1 երեխա, սակայն վերջին 12 կամ ավելի ամիս կանոնավոր, անպաշտպան սեռական հարաբերությունների պարագայում չեն հասել հղիության։
Հետազոտության համաձայն, որին մասնակցել է վերարտադրողական տարիքի 3000 անհատ (1532 տղամարդ, 1468 կին) Երևանից և ՀՀ բոլոր մարզերից, Հայաստանում առաջնային անպտղություն ունի հարցվողների 1,7%-ը, երկրորդային անպտղություն ունի հարցվողների 15,1%-ը:
Նա ասաց, որ 2009 թվականին անցկացված նույնատիպ հետազոտության համաձայն, առաջնային անպտղությունը հատկապես կանանց մոտ նվազել է։ 2009-ին կազմել է 5,7 տոկոս, այժմ՝ 1,3 տոկոս, երկրորդային անպտղությունն աճել է։ Երկրորդային անպտղության հարցում ավելի մեծ դերակատարում ունեն տղամարդիկ. եթե 2009 թվականին երկրորդային անպտղությունը տղամարդկանց մոտ 2,8 տոկոս է կազմել, այս հետազոտության համաձայն ներկայումս կազմում է 17,6 տոկոս։
«Կտրուկ աճ է արձանագրվել, անհրաժեշտ է ավելի խորացված հետազոտություն իրականացնել՝ հասկանալու, թե որոնք են հիմնական պատճառները։ Պետք է տարանջատել, թե կոնպլեքս պատճառների մեջ որոնք են գերակշռողը, որպեսզի թիրախային միջոցառումներ ձեռնարկվի իրավիճակը բարելավելու և անպտղության ցուցանիշը նվազեցնելու նպատակով»,-ասաց Ն.Բեգլարյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում ծնելիության գործակիցը ցածր է՝ 1,6 տոկոս, այսինքն պարզ վերարտադրողականությունը Հայաստանում չի ապահովվում, ու դրա հետ մեկտեղ ստիպված են լինում առերեսվել անպտղության հարցին, այսինք օրհասական է օր առաջ միջոցառումներ ձեռնարկել անպտղության ցուցանիշը լավացնելու համար, հնարավորություն ունենալ օգտագործել այդ պոտենցիալը։
Այսպիսով, ըստ հետազոտության, կին հարցվողների շրջանում անպտղությունը կազմել է 14,3% (առաջնային՝ 1,3%, երկրորդային՝ 13%)։ ՄԱԲՀ աջակցությամբ նախորդ ուսումնասիրության համեմատ, այդ ցուցանիշը նվազել է (նախկինում 16,8%)։ Նվազել է նաև առաջնային անպտղությունը (նախկինում 5,4%), մինչդեռ երկրորդային անպտղությունն աճել է (նախկինում 11,4%):
•Տղամարդ հարցվողների շրջանում շրջանում անպտղությունը կազմել է 19,8% (առաջնային՝ 2,2%, երկրորդային՝ 17.6%)։ Նախորդ ուսումնասիրության համեմատ ցուցանիշը մոտ քառակի աճել է (նախկինում՝ 5,1%)։ Ընդ որում, առաջնայի անպտղությունը մի փոքր նվազել է (նախկինում՝ 2,3%), իսկ երկրորդայինը՝ զգալիորեն աճել (նախկինում 2,8%):
Ն. Բեգլարյանն ասաց, որ կանանց շրջանում անպտղության հիմնական պատճառներն են՝ արգանդի, արգանդափողերի, ձվարանների հետ կապված խնդիրներ։ Կարող են լինել էնդոկրին խախտումներ։ Բավականաչափ մեծ դերակատարում ունեն նաև բորբոքային հիվանդությունները, սեռավարակները։ Հետազոտության արդյունքների համաձայն, երկրորդային անպտղություն ունեցող կանանց 35 տոկոսը նշել է, որ ունեն կեսարյան հատումներ։
«Սրանք այն տվյալներ են, որոնք ի հայտ են եկել մեր հետազոտության արդյունքում, բայց պետք է ավելի խորքային հետազոտություն անել»,- նշեց նա։
Տղամարդկանց դեպքում հիմնական պատճառներն են բորբոքային հիվանդություններ, սեռավարակներ, սերմնահեղուկի արտազատման, շարժունակության հետ կապված խնդիրներ։
Նա ասաց, որ առաջնային անպտղությունն ավելի շատ տարածված է Վայոց ձորում, Սյունիքում, երկրորդային՝ Վայոց ձորում, Շիրակում, Երևանում։
«Այսինքն, նաև պետք է հասկանալ, թե աշխարհագրորեն տեղակայումն ինչպիսի ներազդում է ունեցել երկրորդային անպտղության պատճառների վրա»,- ասաց Ն.Բեգլարյանը։
Նրա խոսքով, վերջերս բավականաչափ տարածված է տանն ինքնակամ դեղորայքային աբորտներ իրականացնելու պրակտիկան, որը շատ վտանգավոր է, նույնպես հղի է բարդություններով։
Ն.Բեգլարյանի նշեց նաև, որ անապահով արհեստական ընդհատումները կարող են երկրորդային անպտղություն հիմնական պատճառ դառնալ։
«Եթե արհեստական ընդհատումն իրականացվում է բժշկական հաստատությունում, պրոֆեսիոնալ բուժանձնակազմի կողմից, համարվում է անվտանգ։ Բայց բժշության մեջ չկա ոչ մի 100 տոկոսանոց ապահով միջամտություն, ցանկացած միջամտություն կարող է վտանգներ պարունակել, հղի լինել բարդություններով»,- ասաց Ն.Բեգլարյանը։
Հետազոտության համաձայն, հարցվող կանանց մոտ 36 տոկոսը դիմել է արհեստական ընդհատումների։
Նա հայտնեց, որ Հայաստանում վերջին տարիներին բավականաչափ մեծ տեմպով աճում է կեսարյան հատման ցուցանիշը. 2021 թվականի տվյալներով, ծննդաբերության 38 տոկոսն իրականացվում է կեսարյան հատումներով։ ԱՀԿ տվյալներով, նորմա է, երբ ծննդաբերությունների 10-15 տոկոսն է իրականացվի կեսարյան հատումներով։ Աճ գրանցվել է ոչ միայն Հայաստանում։
«Անհրաժեշտ է ավելի համալիր մոտեցում ցուցաբերել ու հասկանալ՝ ինչն է դրդապատճառները։ Ձեռնարկվել է հետազոտություն բժիշկների մասնակցությամբ, որպեսզի կհասկանան, թե որոնք են պատճառները, որպեսզի ավելի հստակ մոտեցում կարողանանք ունենալ։ Դրա արդյունքում նաև կաջակցենք առողջապահության նախարարությանը կեսարյան հատումների թվի նվազման ուղղությամբ ծրագիր մշակի»,- ասաց նա։
Հետազոտության այլ արդյունքներ
• Երբևէ սեռական հարաբերություն ունեցած հարցված կանանց 86%-ը և տղամարդկանց 81%-ը կա՛մ ընդհանրապես չեն պլանավորում կա՛մ մոտ ապագայում չեն պլանավորում երեխաներ ունենալ: Միևնույն ժամանակ, կանանց 36,0%-ը և տղամարդկանց 48,0%-ը համարում է, որ ունի պլանավորածից քիչ երեխա։
• Կանանց շրջանում երեխա ունենալ չցանկանալու հիմնական պատճառներն են տարիքը (21,7%), իր կամ ամուսնու առողջական խնդիրները (15,6%), ֆինանսական դժվարությունները (15,0%) և արդեն ծրագրած թվով երեխաներ ունենալը (14,7%)։
• Տղամարդկանց շրջանում երեխա ունենալ չցանկանալու հիմնական պատճառներն են տարիքը (27,1%), ֆինանսական դժվարությունները (14,8%), ծրագրած թվով երեխաներ ունենալը (13,7%), երկրի անկայուն վիճակը (9,1%): Պատճառների ընդամենը մոտ 9%-ն է վերաբերում իր կամ կնոջ առողջական խնդիրներին։
• Միևնույն ժամանակ, կին հարցվողների 50%-ը, իսկ տղամարդ հարցվողների 54%-ը երբեք չեն օգտագործել ժամանակակից բեղմնականխման միջոցներ:
• Մինչդեռ երբևէ հղիացած կին հարցվողների 46%-ն իր կյանքի ընթացքում երբևէ դիմել է հղիության արհեստական ընդհատման: Աբորտի հիմնական պատճառներն են եղել արդեն ծրագրած թվով երեխաներ ունենալը կամ երեխա ավելի ուշ ունենալ ցանկանալը (36%) առողջության/կյանքի համար վտանգը (22%), նյութական դժվարությունները (21%)։ Պտղի անցանկալի սեռը որպես պատճառ նշվել է պատասխանների 8%-ում, ընդ որում 7%-ը նշել է աղջիկ չուզելը, 1%-ը՝ տղա չուզելը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան