Այլևս թղթային տարբերակով ատեստատներ ու վկայականներ չեն լինելու
Այս տարվանից սկսած պետական նմուշի ավարտական փաստաթղթերը, այսինքն` հիմնական կրթության վկայականները և միջնակարգ կրթության ատեստատները, տրամադրվում են էլեկտրոնային եղանակով:
«Կա Հայաստանի կրթության ոլորտը թվայնացնելու և ավտոմատացնելու ռազմավարական ծրագիր, որպեսզի վարչարարությունը, փաստաթղթաշրջանառությունն ավելի դյուրին լինի, հաշվետվողականությունը՝ ավելի բարձր։ Այս տարի այդ քայլերից մեկն էր թվայնացնել դպրոցների շրջանավարտներին տրվող վկայականներն ու ատեստատները, ինչը մենք արդեն բարեհաջող իրականացրել ենք», - ասուլիսում ասաց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը։
Նա հայտնեց, որ համակարգը բաց է հուլիսի 6-ից, աշխատում է, արդեն իսկ տրամադրվում են էլեկտրոնային վկայականներ ու ատեստատներ։ Այսօր առավոտյան տվյալներով, արդեն 25 հազար վկայական ու ատեստան են ստորագրվել։ Հիմնական կրթության վկայականները և միջնակարգ կրթության ատեստատները ստանալու համար շրջանավարտները պետք է դիմեն իրենց դպրոց, որտեղ նրանց կտրամադրվեն ինչպես ավարտական փաստաթղթի ներբեռնված և տպված տարբերակը, այնպես էլ փաստաթղթի 16 նիշանի ծածկագիրը և տրման ամսաթիվը: Աշակերտը կամ ծնողը կարող է մուտք գործել Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգ՝ https://verify.e-gov.am/ կայք, մուտքագրել 16 նիշանի ծածկագիրը և տրման ամսաթիվը, ստուգել փաստաթղթի վավերականությունը, ինչպես նաև ներբեռնել և տպել այն:
Այս տարի 9-րդ և 12-րդ դասարաններն ավարտել են ընդհանուր 55 հազար աշակերտ։
Ա. Պողոսյանն ասաց, որ թվային ատեստատներ ու վկայականներ տրամադրում են այս տարվանից։ Թղթային տարբերակ այլևս չի լինելու։ Նա հայտնեց, որ թղթային տարբերակը կգործի միայն մինչև այս պահը տրված ատեստատների կորստի դեպքում։
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենի խոսքով, տարեկան շուրջ 70 միլիոն դրամ, իր հիշելով, ծախսվում էր ատեստատների և վկայականների տպագրման համար։
Նա ասաց, որ մտածում են նաև մյուս մակարդակներում՝ այսինքն ուսումնարան, քոլեջ, բուհ, ավարտական վկայականների թվայնացման մասին։ Միաժամանակ հավելեց, որ բավականին բարդ գործընթաց է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան