Արդեն հայտագրվել է շուրջ 21 հազար առաջին դասարանցի
Այս տարի առաջին դասարանցիների հայտագրումը սկսվել է հունիսի 21-ից ու ընթանում է երեք փուլով։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանն ասուլիսում հայտնեց, որ հուլիսի 12-ին կսկսվի հայտագրման երրորդ փուլը, ժամը 09։00-ին կբացվի կայքը՝ haytru.emis.am, որը նախատեսված է օտարերկրյա քաղաքացիների համար. օտարազգի այն ծնողների համար է, ովքեր ցանկություն ունեն, որպեսզի իրենց երեխաներն ընդունվեն ռուսերենով ուսուցման դասարաններ։
Նա ասաց, որ նախորդ տարվա համեմատ որոշակի փոփոխություններ են իրականացնել. ըստ էության, կայքերն առանձնացվել են, ժամկետները տարբեր են, քանի որ նախկինում, երբ առանձնացված չէր, որոշակի խնդիրներ էին առաջանում, շփոթմունք ծնողների մոտ։ Պարզեցրել են նաև համակարգը. մեկ քայլ պակասել է՝ տվյալները լրացնելուց հետո սեղմում են «հայտագրել» կոճակն ու վերջ։
Ա. Պողոսյանն ասաց, որ համակարգն այս տարի որևէ տեխնիկական, ծրագրային խնդիր չի ունեցել, աշխատել է շատ պատշաճ, նորմալ, ծնողներից չեն ունեցել մեծ դժգոհություն։
«Բնականաբար, կան ծնողներ, ովքեր էլի չեն հասցրել հայտագրել իրենց երեխային այն դպրոց, որտեղ կցանկանային, բայց տեխնիկական ու ծրագրային խնդիր համակարգն ընդհանրապես չի ունեցել»,- ասաց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենը։
Տեղեր չբավարարելը, նրա խոսքով, գալիս է նրանից, որ կան դպրոցներ, որոնք ունեն «ժողովրդական հեղինակություն», բնակիչները կարծում են այդ դպրոցն ավելի լավ է, ուզում են իրենց երեխային տանել հենց այդ դպրոցը։
«Շատ դեպքերում, իմ դիտարկումները ցույց են տալիս, որ առաջին նախապայմանը դպրոցի միջավայրն է՝ վերանորոգված, հիմնանորոգված լինի»,- ասաց Ա.Պողոսյանը։
Նա հայտնեց, որ այս պահի դրությամբ արդեն հայտագրված է շուրջ 21 հազար երեխա։ Առավոտյան տվյալներով, 20 հազար 858 երեխա հայտագրված էր։
«Կանխատեսվող առաջին դասարանցիների թիվը 40-41 հազարն է, դրանցից, տարիների մեր փորձի ցույց է տալիս, որ հայտագրվում են 26-27 հազարը, քանի որ այն դպրոցները, որոնք բնակավայրում միակն են, բնական է, երեխաներին հայտագրման համակարգի միջոցով չեն ընդունում դպրոց»,- նշեց Ա. Պողոսյանը։
Նա զգուշացրեց ծնողներին, որ կարգի համապատասխան հայտագրելուց հետո պետք է գնալ դպրոց, դիմում գրել դպրոցի տնօրենի անունով, ներկայացնել համապատասխան փաստաթղթերը դպրոց ընդունվելու համար։ Դրանք են՝ դիմում, երկու լուսանկար, հանրային ծառայության համարանիշի պատճենը։ Դա պետք է անել մինչև սեպտեմբերի 5-ը, քանի որ եթե մինչ այդ չներկայացվի դիմում տնօրենի անունով, սեպտեմբերի 6-ին բոլոր հայտերը կչեղարկվեն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան