Յոդացվա՞ծ, թե՞ յոդագույն աղ
Քաղաքացին Panorama.am-ի խմբագրության է ուղարկել մանր աղի լուսանկարները, որտեղ երևում է՝ կերակրի աղը յոդի գույն ունի։ Քաղաքացու խոսքով, աղից նաև յոդի ուժեղ հոտ է գալիս։
ՍԱՏՄ-ն խնդրեց տրամադրել տեղեկություն, թե երբ ու որ խանութից է կատարվել գնումը, որպեսզի կարողանան իրենք էլ գնում կատարել ու խմբաքանակը ստուգել։
«Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արեգ Ղուկասյանը Panorama.am-ի հետ զրույցում առաջարկեց յոդագույն աղից տրամադրել, որպեսզի կարողանան փորձաքննություն իրականացնել։ Իսկ մինչ այդ բացառում է, որ խնդրահարույց աղը կարող է իրենց արտադրանքը լինել։
«Եթե աղը ստացել է յոդի գույն, չի կարող մերը լինել, քանի որ մենք յոդացման համար օգտագործում ենք KIO3 կալիումի յոդատ, որն անգույն ու անհոտ նյութ է։ Եթե նույնիսկ սահմանված նորմայից շատ օգտագործենք, դա գույն չի կարող տալ»,-ասաց Ղուկասյանը։
Հայաստանում ըստ սահմանվածի, մեկ կգ կերակրի աղին խառնում են 40±15 մգ յոդ։ Կոմբինատի տնօրենի խոսքով, տեխնիկական որևէ խնդիր չեն ունեցել, յոդագույն աղի մասին կոմբինատը մինչ այս որևէ ահազանգ չի ստացել։
«Քսան տարի առաջ, երբ մենք օգտագործում էինք KIO2, աղը նման գույն էր ստանում, անգամ տուփը գունավորվում էր։ Բայց մենք վաղուց օգտագործում ենք KIO3, որը չի քայքայվում արևի ճառագայթների տակ, անգույն է, աղից էլ հոտ չի գալիս։ Ես շատ քիչ եմ հավանական համարում, որ մեր մեղքով է եղել, եթե հաստատվի մեր մեղքը, մեկ տուփի փոխարեն հինգ տուփ աղ կտանք».-ասաց նա։
Ղուկասյանը չի բացառում, որ քաղաքացին կեղծված աղ է գնել։ Ասաց՝ տեսել է, որ խանութներում տեսել է կոմբինատի արտադրած աղի փաթեթավորմանը շատ նման տուփով աղ, որը պարսկական է։
Աղի հնարավոր կեղծման մասին Panorama.am–ը տեղեկացրել է ՍԱՏՄ-ին ու ՄՊՀ-ին։