Ռուբեն Թոփչյան. Չենք ուզում, որ դուք մեզ ցույց տաք հաշվետվություններ
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի (ՈԱԱԿ) նախաձեռնությամբ Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացել է համաժողով նվիրված միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում որակի ապահովման համակարգի զարգացմանը։
Համաժողովին մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ով նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը աշխատում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի հետ և դիտարկում է՝ ինչպիսի նրբություններ և առանձնահատկություններ կան հավատարմագրման գործընթացում, որ հետագա գործընթացները որակի ապահովման համատեքստում ավելի թիրախային լինեն։
Նախարարի տեղակալը նաև հավելել է, որ իրենք ամբիցիոզ նպատակ են սահմանել. «Ինչպես գիտեք, քննարկման փուլում է գտնվում կրթության զարգացման պետական ծրագիրը մինչև 2030թ համար, որտեղ առանձնահատուկ շեշտադրում կա մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտին, մասնավորապես, մենք նախատեսել ենք, որ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի շրջանավարտների 90%-ը պետք է աշխատի իր մասնագիտությամբ»։
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը իր խոսքում նշել է. «Հավատարմագրմանը անդրադառնալիս մենք չենք ուզում, որ դուք մեզ ցույց տաք հաշվետվություններ, այլ ուզում ենք ցույց տաք ձեր առաջընթացը, ցույց տաք՝ ինչպես եք աշխատում և ինչ նվաճումներ ունեք»։
Համաժողովի պանելային քննարկումների ընթացքում առանձնահատուկ շեշտադրումներ են ստացել մասնագիտությունների խոշորացման, որոշ մասնագիտությունների փակման անհրաժեշտության, գործատու-ուսումնական հաստատություն համագործակցության կարևորության, դեռևս դպրոցական տարիքից մասնագիտական կողմնորոշում իրականացնելու անհրաժեշտության և այլ հարցեր։
ՈԱԱԿ հանրային կապերի բաժնի փոխանցմամբ, համաժողովի նպատակն էր քոլեջների ներկայացուցիչների և շահակիցների հետ քննարկել հավատարմագրման գործընթացի ազդեցությունը միջին մասնագիտական ուսումնական հաստատաությունների զարգացման համատեքստում։
Միջոցառման ընթացքում քննարկվել են արտաքին գնահատման գործընթացների արդյունքները և առկա մարտահրավերները կառավարման բարձր օղակների և որակի ապահովման պատասխանատուների տեսանկյունից, փորձագիտական կարողությունների ձևավորումը ՀՀ-ում ու դրա ներգործությունը միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների որակի ներքին ապահովման համակարգի վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան