Ինչպես դիմակայել շոգին
Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափացմամբ պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 12-17-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։ Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, ինչպես նաև օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը մի քանի խորհրդով է հանդես եկել.
. խուսափե՛ք արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես` ժամը 12:00-ից 17:00-ը հնարավորության սահմաններում մի՛ մնացեք դրսում,
. պաշտպանվե՛ք ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրելով գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագե՛ք սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց հագուստ, ցանկալի է բամբակյա կտորից,
.օգտագործե՛ք սովորականից շատ հեղուկներ, հատկապես ջուր, թան։ Ծարավը հագեցնելու ամենատարածված ու ամենամատչելի միջոցը ջուրն է: Թանը պարունակում է օրգանական թթուներ, սպիտակուցներ և աղեր, այն ծարավը հագեցնելու հրաշալի միջոց է։ Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններ ունեցող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո,
. օգտագործվող հեղուկները պետք է լինեն գոլ կամ հովացրած, այսպես դրանք ավելի լավ են հագեցնում ծարավը, չի կարելի հեղուկները շատ սառեցնել,
. հրաժարվե՛ք կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրել ավելի թեթև, դյուրամարս սնունդ, օգտագործել շատ միրգ և հում բանջարեղեն,
. մի՛ չարաշահեք կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները` թե՛ տաք, թե՛ սառը վիճակում,
. մի՛ գտնվեք չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքում, երկար ժամանակ մի՛ մնացեք արևի տակ կայանված փոխադրամիջոցում, երեխաներին մի՛ թողեք փակ պատուհաններով ավտոմեքենայում,
. ցանկալի է, որպեսզի երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ այդպես հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը,
. ամենօրյա աշխատանքները կատարե՛ք օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին հնարավորինս խուսափե՛ք բացօթյա տարածքում ծանր ֆիզիկական աշխատանքից,
. հետևե՛ք, որպեսզի օդորակիչի սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդու վրա,
. այն տարածքներում, որտեղ առկա են օդորակիչներ, հագնվե՛ք ջերմաստիճանին համապատասխան:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին