Իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին ձերբակալվել է
Իրանում ձերբակալվել է կինոռեժիսոր Ջաֆար Փանահին բողոքի ակցիային մասնակցելու համար: Ռեժիսորը դեմ է արտահայտվել երկու այլ կինոգործիչների՝ Մոհամմադ Ռասուլոֆի և Մոստաֆա Ալեհահմադի ազատազրկմանը: Այս մասին գրում է kulturomania.ru կայքը՝ հղում անելով Iran International-ին։
Ավելի քան 300 արվեստագետներ ստորագրել են ռեժիսորներին ազատ արձակելու կոչը։ Ջաֆար Փանահին այժմ կալանքի տակ է։
2010 թվականին Ջաֆար Փանահին արդեն դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ հակակառավարական գործունեության և 2009 թվականի ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ անցկացված բողոքի ակցիաներին մասնակցելու համար։ Փանահիին արգելվել է զբաղվել կինեմատոգրաֆիական գործունեությամբ և հարցազրույց տալ քսան տարվա ընթացքում։ Բանտարկության փոխարեն Փանահին հայտնվել է տնային կալանքի տակ, սակայն դա չի խանգարել նրա աշխատանքին։ Ջաֆարը նկարահանել է «Սա ֆիլմ չէ» (2011) կինոնկարը, որը ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում։ Ֆիլմն Իրանի սահմաններից դուրս է բերվել խմորեղենի մեջ թաքցված ֆլեշ կրիչով։ Դրանից հետո ռեժիսորն իրավունք է ունեցել տեղաշարժվել Իրանում, սակայն նրա անձնագիրը մնացել է իշխանությունների մոտ, և նա չի կարողացել մեկնել արտասահման։
Չնայած նկարահանումների արգելքին՝ 2013 թվականին Բեռլինում տեղի է ունեցել «Փակ վարագույր» ֆիլմի պրեմիերան, որը նկարահանվել էր ռեժիսորի ամառանոցում։ Ֆիլմն արժանացել է Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե արջ» մրցանակի լավագույն սցենարի համար։ 2015 թվականին նրա նոր աշխատանքը՝ «Տաքսի» ֆիլմը, նույն կինոփառատոնում արժանացել է գլխավոր մրցանակի՝ «Ոսկե արջի», ինչպես նաև ստացել հեղինակավոր մրցանակ Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի կողմից։ Այն նկարագրվել է որպես «Իրանի մայրաքաղաք Թեհրանի դիմանկար» և «վավերագրականի նմանվող ֆիլմ, որ նկարահանվել է Թեհրանի տաքսու մեջ, որը վարում է Փանահին»։
2012 թվականի հոկտեմբերին Ջաֆար Փանահին դարձել է Սախարովի անվան մրցանակի դափնեկիր։
2018 թվականի մայիսին Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնում Ջաֆար Փանահիին շնորհվել է մրցանակ լավագույն սցենարի համար («Երեք դեմք» ֆիլմ), սակայն այդ ժամանակ նա գտնվել է Իրանում տնային կալանքի տակ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին