ՆԳՆ-ն վերականգնելով՝ միանգամից կլուծենք մի քանի կարևոր խնդիրներ. Անդրանիկ Քոչարյան
ԱԺ նիստերի դահլիճում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ընթանում է խորհրդարանական լսումներ «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարեւորությունը» թեմայով:
ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրերի անվտանգության ոլորտին վերաբերող բարեփոխումների հատվածում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում ոստիկանության ռեֆորմները, ներքին գործերի նախարարության ստեղծման առաջնահերթությունը։ Նրա խոսքով, նշված բարեփոխումների շրջանակներում Երևանում, որոշ մարզերում կարողացել են ստեղծել պարեկային ծառայությունը, որի գործունեության շրջանակն աստիճանաբար ընդլայնվում է տարբեր բնակավայրերով։
«Ներքին գործերի նախարարությունը վերականգնելով՝ մենք միանգամից կլուծենք մի քանի կարևոր խնդիրներ։ Կսահմանվեն ՆԳՆ հստակ գործառույթները, կներդրվի կադրային պատրաստման նոր համակարգ։ ՆԳՆ, փաստորեն, կդառնա ոլորտային ներքին քաղաքականության մշակող մարմին»,- ասաց Ա.Քոչարյանը։
Նա նշեց, որ ուժային կառույցների նկատմամբ ժողովրդավարական վերահսկողություն իրականացնելը խորհրդարանական կառավարման մոդելով առաջնորդվող երկրների կարևոր սկզբունքներից մեկն է, իսկ ՆԳՆ ստեղծման ճանապարհով ոչ միայն կառույցն ավելի վերահսկելի կդարձնեն, այլև կնպաստեն դրա թափանցիկ գործելաոճին և հաշվետվողականության ավելացմանը։
«Այս և այլ բազմաթիվ փոփոխությունները կհանգեցնեն նրան, որ մի կողմից համակարգում ծառայության անցնելը կդարձնենք ավելի գրավիչ, իսկ մյուս կողմից էլ մեր երկրի ներքին անվտանգային միջավայրն ավելի կառավարելի կդառնա»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան