ԶԱՀ-ն արձագանքում է ոտքը կորցրած լեյտենանտի բաց նամակին
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն արձագանքում է պահեստազորի սպա, լեյտենանտ Արամ Քալանթարյանի՝ իրեն հատուցումից զրկելու վերաբերյալ բաց նամակին.
«Հաշվի առնելով վերջին շրջանում զինհաշմանդամության խմբի վերանայման վերաբերյալ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (ԶԱՀ) շահառուների անհանգստությունը և մտահոգությունը՝ ցանկանում ենք պարզաբանել, որ հաշմանդամության սահմանման գործընթացում հիմնադրամը որևէ ներգրավվածություն չունի՝ ըստ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի։
ԶԱՀ-ը հատուցում է տրամադրում մարտական գործողությունների հետևանքով զոհված, անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամներին, ինչպես նաև 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին։ Հատուցումները տրամադրվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի (ԲՍՓՀ) որոշման արդյունքում շահառուի հաշմանդամության խմբի տրամադրման կամ վերանայման վերաբերյալ տեղեկանքի հիման վրա։
Զինհաշմանդամության խմբի վերանայման դեպքում, օրինակ՝ 2-րդ խմբից 3-րդ խմբի վերանայում, շահառուն դադարում է հատուցում ստանալ օրենքի համաձայն։ Ընդ որում, եթե անձը համաձայն չէ ԲՍՓՀ կայացրած որոշման հետ, ըստ գործող օրենսդրության, կարող է բողոքարկել այն՝ վարչական կամ դատական կարգով։
Միևնույն ժամանակ, զինհաշմանդամություն ունեցող անձը ցանկացած պահի, եթե համարում է, որ իր առողջական վիճակը վատթարացել է, կարող է դիմել (ԲՍՓՀ) կրկին բժշկասոցիալական փորձաքննություն անցնելու նպատակով (հաշմանդամության խմբի վերանայման նպատակով)։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը, հաշվի առնելով շահառուների շրջանում առկա մտահոգությունները, կհամագործակցի բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ հասարակության և մասնավորապես շահառուների շրջանում թեմայի շուրջ տեղեկացվածության բարձրացման ուղղությամբ»։
Արձագանքելով հիմնադրամին՝ Արամ Քալանթարյանը գրել է.
«Խնդրում եմ ուշադիր կարդացեք իմ կոչի` ձեզ ուղղված մասը, և հետևություններ արեք։ Շատ հետ է ասել, որ դուք միայն կատարող եք և հաշմանդամության կարգ տրամադրելու իրավասություն չունեք։ Դրա մասին գիտեինք, հարկ չկար մեկ անգամ էլ կրնկնվել։ Իրականում ես երկխոսության առաջարկ եմ արել բոլոր ներգրավված կողմերին` հարցը համապարփակ քննարկելու և հետևություններ անելու համար։ Դուք ինքներդ կարող եք առաջարկներով հանդես գալ ցանկության դեպքում։ Իսկ ցանկության բացակայությունը նշանակում է անտարբերություն առկա խնդիրների նկատմամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Ոտքը կորցրած լեյտենանտի հաշմանդամության կարգը փոխել են ու զրկել հատուցումից
- 44-օրյա պատերազմի հետևանքով 136 մարդ զրկվել է ոտքերից ու ձեռքերից, նրանցից 15-ը՝ և ոտքերից, և ձեռքերից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան