Անազատության մեջ գտնվող կանանց մեծ մասը մինչ ազատազրկվելը չի կարողացել օգտվել բժշկական ծառայություններից. ՀԿ նախագահ
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, ազատազրկված կանանց մեծ մասը սոցիալապես անապահով խավից են և նրանք առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորություններ չեն ունենում։ Այս մասին «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցած «COVID-19 նոր կորոնավիրուսային հիվանդության ազդեցությունն ազատազրկված կանանց առողջության իրավունքի վրա» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը։
«Ցավալի է, բայց ազատազրկման մեջ հայտնվելով այդ կանայք առաջին անգամ են հնարավորություն ունենում համալիր հետազոտություններ անցնել, բուժում ստանալ։ Եղել են դեպքեր, որ կանայք լինելով ազատության մեջ չեն օգտվել գինեկոլոգիական ծառայություններից, և միայն ազատազրկվելուց հետո սկրինինգային հետազոտությունների ժամանակ որոշ կանանց մոտ բացահայտվել են առողջական խնդիրները»,- նշեց Նարե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ պրոբացիայի ծառայությունում հաշվառված կանայք ևս սոցիալապես անապահով խավից են, ինչն ազդում է նրանց պատժի կատարման վրա, մասնավորապես, եթե այդ պատիժը տուգանքն է։
«Նրանք խնդիրներ են ունեցել, քանի որ այդ շրջանում չեն կարողացել աշխատել և դժվարություններ են ունեցել տուգանքը վճարելու առումով։ Բացի այդ, նրանք դժվարություններ են ունեցել օգտվել բժշկական ծառայություններից այն պատճառով, որ հիվանդանոցները ծանրաբեռնված էին և հիմնականում սպասարկում էին կորոնավիրուսով հիվանդներին։ Լինելով սոցիալապես անպահով և անվճարունակ, դա բացասաաբար է ազդել նրանց առողջության վրա»,- ընդգծեց ՀԿ-ի նախագահը։
Նարե Հովհաննիսյանը նշեց, որ իրենց կազմակերպությունն այս տարի իրականացնում է «COVID-19-ի ազդեցությունն ազատազրկված և պրոբացիայի ծառայությունում հաշվառված կանանց ու աղջիկների իրավունքների պաշտպանության վրա» ծրագիրը։
Ըստ նրա՝ քրեական արդարադատության համակարգում կանայք խոցելի խումբ են սեռով և գենդերով պայմանավորված, ուստի փորձել են հասկանալ, թե կորոնավիրուսն ինչ ազդեցություն է ունեցել նրանց իրավունքների վրա։
«Հետազոտությունը ցույց տվեց, որ քրեակատարողական հիմնարկներում համավարակի կանխարգելումը կարողացել են պատշաճ իրականացնել։ Տարբեր երկրների փորձն ուսումնասիրելով տեսնում ենք, որ քրեակատրողական հիմնարկներում եղել են բռնկումներ, բանտերը դարձել են վարակի տարածման աղբյուր, սակայն կանխարգելման միջացառումները կարողացել են պատշաճ իրականացնել»,- ասաց նա։
«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկական օգնության կազմակերպման, սպասարկման և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Բաբայանն էլ նշեց, որ ՊՈԱԿ-ն իրականացնում է սկրինինգային ծրագիր ոչ միայն կորոնավիրուսի հետ կապված, այլ նաև հեպատիտի C-ի, ՄԻԱՎ վարակների մասով։
Ներկայացնելով, թե ինչպես են կարողացել քրեակատարողական հիմնարկներում կանխարգելել վիրուսի ներթափանցումը, նշեց, որ ցանկացած հիմնարկ մուտք գործելու ժամանակ իրականացվել է անվճար թեստավորում, իսկ տեսակցությունների ժամանակ թեստավորումը եղել է վճարովի։
Ինչ վերաբերում է պատվաստումներին, Նաիրա Բաբայանն ասաց, որ պոլիկլինիկաներից շրջիկ խմբերը եկել են քրեակատարողական հիմնարկներ և տեղում իրականացրել պատվաստումները։
Ըստ նրա՝ ազատազրկված անձն է ընտրել, թե որ պատվաստանյութով պատվաստվի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան