Արթուր Ղամբարյանը՝ արարքի որակումը նոր քրօր-ին «համապատասխանացնելու» պրակտիկայի անթույլատրելիության մասին
Իրավագիտության դոկտոր, քրեակն իրավունքի մասնագետ Արթուր Ղամբարյանը գրում է.
«Ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մասի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը գործող հարաբերությունների վրա, եթե օրենքով (․․․) այլ բան նախատեսված չէ» (տե՛ս «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 4-ին մաս)։
ՀՀ քր․ օր․-ի 8 -րդ հոդվածի 1-ին մասում նշված է․
«Արարքի հանցավորությունը, պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով»։ Այս ընդհանուր կանոնը չի գործում, երբ առկա է օրենքին հետադարձ ուժ տալու (այդ թվում ` ապաքրեականացնելու) հարց։
ՀՀ քրեաիրավական պրակտիկայում տասնամյակներ շարունակ գերակայել է այն մոտեցումը, որ դատավորը, դատական ակտ կայացնելիս, չի կարող կիրառել արարքի կատարման պահին գործող, սակայն դատական ակտը կայացնելու պահին ուժը կորցրած օրենքը։ Այս պրակտիկան՝ արարքի կատարման պահին օրենքի գործողության ընդհանուր նորմը և օրենքի հետադարձ ուժի մասին բացառություն նախատեսող կանոնը իրարից չտարանջատելու հետևանք է։
Ավելին, այլ իրավակարգերում նույնիսկ օրենքի հետադարձ ուժի կանոնը ունի բացառություն, օրինակ՝ ժամանակավոր օրենքների (ռազմական գործողությունների կամ տնտեսական ճգնաժամերի ժամանակ գործող օրենքների) պարագայում, եթե այլ բան նախատեսված չէ, ապա ժամանակավոր օրենքի գործողության ժամկետը լրանալուց հետո, այն պետք է կիրառվի բոլոր արարքների նկատմամբ, որոնք կատարվել են այդ օրենքի գործողության ժամանակ (հիմնավորումները տե՛ս Фристер Гельмут. Уголовное право Германии. Общая часть : пер. с нем. 5-е изд. – М. : Инфотропик Медиа, 2013. էջ 80-81):
Այսօր շատերին է հետաքրքրում այն հարցը, թե դատավորը, դատական ակտ կայացնելիս, արդյոք կարո՞ղ է կիրառել արարքի կատարման պահին գործող, սակայն դատական ակտի կայացման պահին ուժը կորցրած քրեական օրենքը։ Հարցի պատասխանը դրական է․ եթե բացակայում են օրենքին հետադարձ ուժ տալու պայմանները կամ օրենքով հատուկ նախատեսված այլ կարգավորումներ, ապա դատավորը, դատական ակտ կայացնելիս, պետք է կիրառի արարքը կատարելու (նյութաիրավական հարաբերությունների ծագման) պահին գործող օրենքը։
Այսինքն՝ դատարանը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 4-ին մասով և ՀՀ քր․ օր-ի 8-րդ հոդվածի 1-ին մասով (չխառնել՝ օրենքի հետադարձ ուժի մասին ՀՀ քր․ օր․-ի 9-րդ հոդվածի հետ), դատական ակտի եզրափակիչ մասում պետք է նշի․ «Պողոսյանին մեղավոր ճանաչել արարքը կատարելու պահին գործող ՀՀ քր․ օր-ի X հոդվածով (2003թ․ խմբագրությամբ, ուժ կորցրած 2022թ․)․․․»։
Նախ՝ նման իրավիճակում մեղադրողը չունի մեղադրանք փոխելու իրավական և փաստական հիմքեր, ուստի մեղադրանքը փոխելու ինստիտուտը կիրառելի չէ։
Երկրորդ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը նյութական և դատավարական օրենքներով նախատեսված չէ այսպես կոչված «արարքը համապատասխանեցնելու» ինստիտուտ։ Այն քրեակատարողական իրավունքի տիրույթում է։
Երրորդ՝ շատ են շահարկում մեղադրյալի պաշտպանության իրավունքը։ Այս կապակցությամբ նշենք, որ մեղադրյալը պաշտպանվում է ոչ թե ՀՀ քր․ օր․-ի հոդվածի համարակալումից (թվից), այլ մեղադրանքի քրեաիրավական որակումից։ Ուստի, եթե նոր օրենքով հանցակազմի բովանդակությունը, ըստ էության, չի փոխվել, այսինք՝ բացակայում են օրենքին հետադարձ ուժ տալու պայմանները, ապա հոդվածի համարակալման փոփոխությունը կամ հոդվածի նախադասության զուտ շարադասության փոփոխությունը ինքնին չի կարող ներգործել պաշտպանության իրավունքի վրա։
Այնուամենայնիվ, «արարքը համապատասխանեցնելու մասին» պրակտիկան այն աստիճան է արմատացած դատավորների և դատախազների մտածողության մեջ, որ այն հնարավոր չի եղել փոխել ո՛չ 2008թ․ (երբ աշխատում էի դատախազությունում), ո՛չ էլ ներկայումս հնարավոր կլինի այն փոխել»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան