Ծանրամարտիկ Գոռ Մինասյանը հանդես կգա Բահրեյնի դրոշի ներքո
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը հուլիսի 25-ից Աբովյանում կսկսվի ուսումնամարզական հավաքը: Դա տարեվերջին Կոլումբիայում անցկացվելիք աշխարհի առաջնության նախապատրաստական առաջին փուլն է:
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի կայքի հետ զրույցում գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ասել է, որ մարզաձևում լուրջ խնդիրներ չկան և ծանրորդները գիտեն իրենց անելիքների մասին:
«Այժմ ունենք գրեթե հավասարազոր ուժերի և հնարավորությունների գերծանրքաշային երեք ծանրորդ: Մրցակարգի համաձայն, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, ամեն երկիր, հնգական քաշային կարգերից յուրաքանչյուրում կարող է երկուական մարզիկ–մարզուհի ներկայացնել: Այս պարագայում մեր առաջատար հերկուլեսներից մեկը կզրկվի մասնակցությունից:
Կարելի է հնարավորություն տալ «ավելորդին», որ նա հանդես գա մեկ այլ երկրի հավաքականում: Մեր դեպքում, գյումրեցի Գոռ Մինասյանն ընդառաջ է գնացել իրեն դիմած Արաբական Բահրեյնի ֆեդերացիայի ցանկությանը: Գոռը նաև նպատակ ունի պաշտոնական մրցումներում անհրաժեշտ վարկանիշային միավորներ վաստակել Փարիզի օլիմպիական խաղերում հանդես գալու համար:
Ի դեպ, օլիմպիական խաղերի պարագայում, յուրաքանչյուր երկիր կարող է ծրագրում ընդգրկված տղամարդկանց և կանանց հինգական քաշային կարգերում ներկայացնել ընդամենը երեքական մարզիկ-մարզուհի»,- ասել է նա: