Արսեն Ղազարյան. Դրամի արժևորումը զգալի հարված է ՏՏ ոլորտի ընկերությունների համար
Հայաստանի տնտեսության այսօրվա վիճակը, ստեղծված մարտահրավերները, բարեփոխումների շրջանակներում իրականացվող քայլերը, գործարարության առջև ծառացած խնդիրներն էին ներառված Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության՝ հուլիսի 12-ին կայացած նիստի օրակարգում։
«Աշխարհաքաղաքական և տնտեսական ներկա իրողությունները նոր մարտահրավերներ ու հնարավորություններ են ստեղծել մեր տնտեսության համար, և այս տուրբուլենտ շրջանում գործարներն իրենց խոսքն ունեն ասելու»,- նշել է ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։
Նիստի մասնակիցները, մասնավորապես, անդրադարձան այնպիսի հրատապ հարցերի, ինչպիսիք էին ֆինանսաբանկային համակարգում ստեղծված իրավիճակը, բեռնափոխադրումների ու լոգիստիկ, գյուղմթերքների մթերման, գյուղատնտեսական հողերի խոշորացման, տնտեսական օրենսդրությանն առնչվող խնդիրները։
Նշվել է, որ մի շարք գործոններով պայմանավորված` ազգային դրամի արժևորումը էապես խոչընդոտում է հայրենական ապրանքների արտահանմանը։
Այն զգալի հարված է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների համար, որոնց շրջանառության գերակշիռ մասն իրականացվում է արտարժույթով։ Էապես տուժում են նաև արտաքին տրանսֆերներից օգտվողները։ Առկա կացությունը վերլուծելու, խնդիրները խորքային քննարկելու և համարժեք քայլեր մշակելու նպատակով որոշվեց անցկացնել կլոր սեղան` բաց քննարկման հարվիրելով ֆինանսաբանկային ոլորտի պատասխանատուների, փորձագետների, գործարարների։
Միությունից հայտնում են, որ հայաստանյան արտադրանքի արտահանման լուրջ խոչընդոտ է բեռնափոխադրումների խնդիրը, որը պայմանավորված է ինչպես Լարսի անցակետի ծանրաբեռնվածությամբ ու առաջացած խցանումներով, այնպես էլ ծովային բեռնափոխադրումերում ստեղծված դժվարություններով։ Իրեն զգացնել է տալիս նաև հանրապետությունում առկա բեռնափոխադրող ավտոմեքենաների ոչ բավարար քանակությունը։
Արդյունքում դժվարացել են ինչպես գյուղատնտեսական մթերքների արտահանման գործընթացը, այնպես էլ արտաքին գործընկերների առջև ստանձնած պարտավորությունների կատարումն ու պայմանավորված ժամկետներում առաքումների ապահովումը։ Առաջարկվեց ՀԱԳՄ հարթակը և մասնագիտական կարողություններն օգտագործելով, քննարկումներ կազմակերպել՝ հիմնախնդրի հաղթահարման ուղիներ գտնելու համար։
«Պետք է ակտիվացնել գործակցությունը հնարավոր բոլոր ուղղություններով՝ թե պետական պատկան մարմինների, թե տնտեսվարող և հանրային շրջանակների հետ՝ տնտեսության կայունացման ու առաջմղման խոչընդոտներն ու նպաստող գործոնները բացահայտելու և լուծումներ մշակելու համար»,- ասել է ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վահրամ Միրաքյան. Դրամի արժևորումն արտահանող ընկերություններին կանգնեցրել է փակման վտանգի առաջ
- Լարսի խցանումների պատճառով օրական հազարավոր վարդեր թափում են աղբանոց
- Դրամի արժեզրկման պրոցեսը կշարունակվի, եթե ԿԲ-ն կտրուկ միջամտություններ չանի. Սուրեն Պարսյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում