Հովիկ Չարխչյան. Ներկայումս մեր գրական շուկան հեղեղված է բավականին մեծ ծավալի անարժեք գրականությամբ
«Ժամանակ կար, երբ մենք իսկապես մտահոգված էինք այն խնդրով, որ հասարակությունը չի կարդում։ Հիմա, կարծես, այդ ճգնաժամային փուլը հաղթահարված է, բայց հաղթահարումն իր հետ բերել է նոր մտահոգություն՝ եթե կարդում են, ի՞նչ են կարդում»,- Panorama.am-ի զրույցում ասաց գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը։
Նա նշեց, որ ներկայումս մեր գրական շուկան հեղեղված է բավականին մեծ ծավալի կասկածելի, անարժեք գրականությամբ և անփորձ ընթերցողների համար շատ հեշտ է ընկնել այդ ցանցը. եթե չգիտես որտեղից սկսես, որտեղ շարունակես, որտեղ է արժեքավորն ավարտվում ու սկսվում անարժեքը։
«Այս իմաստով, իրոք, մտահոգվելու պատճառներ ունենք։ Եթե ներկայումս մեր ընթերցողները պատրաստվում են իրենց ամառվա որոշ հատված կապել նաև գրքերի հետ, ապա պետք է հորդորեմ նրանց բավականին մանրակրկիտ ընտրություն կատարել, որպեսզի ամառը ոչ միայն հանգստի առումով հագեցած լինի, նաև ընթերցանության, գիտելիքների»,- ասաց Հ.Չարխչյանը։
Գրականագետը 2-3 օր առաջ Սպիտակում է եղել, հանդիպել ընթերցողների հետ ու այնտեղ էլ է հարց հնչել՝ իսկապես, ի՞նչ կարդալ։
«1970-80-ականներին ունեցել ենք արձակագիրների աստղաբույլ, հայ հեղինակներ, որոնք իրենց գրական վարպետությամբ, ստեղծագործություններով ոչնչով չեն զիջում օտար շատ ու շատ հեղինակների, որոնք այսօր ընթերցողներին ծանոթ են։ Թվարկեմ նրանցից մի քանիսին՝ Վիգեն Խեչումյան, Բաղիշ Հովսեփյան, Աբիգ Ավագյան, Աղասի Այվազյան։ Շատերին անծանոթ էին, առաջին անգամ էին լսում այդ անունները»,- նշեց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով, իսկապես այսօր այդ բացը կա, և լավ ու վատ գրականություն տարանջատելու համար, գրականագետի խոսքով, պետք է աշխատանքը սկսել դպրոցից, իսկ այն, որ այսօր բացակայում է նաև շատ լավ գրականագիտությունը, գրաքննադատությունը, ինչը ժամանակին լավագույն ուղղորդիչն էր ընթերցողների համար, ցավալի ու արձանագրելի փաստ է։
«Բայց կողմնորոշիչներ ամեն դեպքում կան։ Պետք չէ հրապուրվել տարատեսակ գովազդներով, որոնք համացանցում ուղղակի վխտում են, ապակողմնորոշում ընթերցողին։ Պետք է դիմել բանիմաց մարդկանց, որոնք այդ ոլորտի աշխատողներ են, առնչվում են մշակույթի, արվեստի ճյուղերի հետ»,- ասաց գրականագետը։
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք ընթերցող հասարակություն ունենք, Հովիկ Չարխչյանն ասաց, որ արտաքինից տպավորություն է, թե մենք շատ թվով ընթերցողներ ունենք.
«Այդ խաբուսիկ տպավորությունը գալիս է համացանցից։ Հիմնականում, ովքեր գրքերի նկատմամբ սեր, հակումներ ունեն, բացեբաց իրենց սերը ցուցադրում են, բայց եթե ընդհանուր երկրի մասշտաբներով գնահատելու լինենք, չնչին քանակություն է, ընդամենը մի քանի տոկոս, որը երբեք որակ չի կազմում։
Երևանում գուցե ինչ-որ իմաստով դրական տեղաշարժ կա, մարզերում վիճակը վատ է»։
Նրա խոսքով, մարզային, գյուղական գրադարաններն անմխիթար վիճակում են. նոր գրքերով չեն թարմացվում, կամ եթե թարմացվում են, պետք է հասկանալ, թե ինչ են իրենցից ներկայացնում դրանք։
«Այս իմաստով անելիքներն ահռելի մեծ են, անհատների մակարդակով երբեք մեռյալ կետից չի շարժվի, շատ ավելի համակարգված մոտեցումներ են պետք»,- ասաց Հ.Չարխչյանը։
Ներկայումս գրող Հովիկ Չարխչյանը զուգահեռաբար մի քանի գրքերի վրա է աշխատում։
«Դրանցից մեկը, որը գուցե հաջողվի առաջինն ավարտել, գեղարվեստական վեպ է մեր երկրի մարդկանց, նրանց բարդ փոխհարաբերությունների մասին, մարդիկ, որոնք տերատեսակ կարծիքներ, պատկերացումներ ունեն երկրի ապագայի մասին և իրենց արարքներով կանխորոշում են երկրի վաղվա օրը»,- բովանդակությունը հակիճ ներկայացրեց հեղինակը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան