«Հրապարակ». Փարամազյանի վարկանիշը շարունակում է բարձր մնալ. Քաջարանում վարդ-ակցիան չեն դատապարտում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Օրերս Սյունիքի մարզ այցելած Սուրեն Պապիկյանն ու ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանը եղել են նաև Քաջարանի կուսակցական կառույցում, հանդիպել են ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու, գործարար Արմեն Առաքելյանի և կուսակտիվի հետ։ Հորդորել են միահամուռ աշխատել ՔՊ թեկնածուի օգտին, բարձրացնել վերջինիս ռեյտինգը։ Անգամ անկուսակցական մարզպետին՝ կալավանցի Ռոբերտին են խնդրել մասնակցել հանդիպմանը, նկարվել թեկնածուի հետ։
Բանն այն է, որ գործող մարզպետին հաջողվել է լեզու գտնել թե՛ բնակիչների, թե՛ ընդդիմադիրների հետ։ Եվ չնայած ՔՊ-ականների հրապարակած լուսանկարում թեկնածուն ձեռքը դրել է Ռոբերտ Ղուկասյանի ուսին, այնուամենայնիվ, Քաջարանի մեր աղբյուրները նշում են, որ գործող համայնքապետ, օրերս վարչապետի տիկնոջը վարդերով դիմավորած Մանվել Փարամազյանի վարկանիշը շարունակում է բարձր մնալ, Քաջարանում վարդ-ակցիան չեն դատապարտում։ Այնպես որ, նրա շանսերը, ինչպես ամիսներ առաջ, այնպես էլ հիմա մնում են բարձր, և նա Քաջարանում ջախջախիչ հաղթանակ է տանելու ՔՊ թեկնածուի նկատմամբ։ Հետևաբար, վարդերով ակցիան անգամ անիմաստ էր»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում