Եգիպտոսը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան ցանկություն են հայտնել միանալ ԲՐԻԿՍ-ին
Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Եգիպտոսը մտադիր են միանալ ԲՐԻԿՍ-ին։ Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել է ԲՐԻԿՍ-ի միջազգային ֆորումի նախագահ Պուրնիմա Անանդը։ Նա նշել է, որ որոշ պետությունների վերաբերյալ քննարկում և հնարավոր որոշում կարող է կայացվել միավորման հաջորդ գագաթնաժողովում, որը տեղի կունենա 2023 թվականին Հարավային Աֆրիկայում։
«Բոլոր այս երկրները ցույց են տվել միանալու իրենց շահագրգռվածությունը և պատրաստվում են անդամակցության հայտ ներկայացնել։ Կարծում եմ՝ սա լավ քայլ է, քանի որ ընդլայնումը միշտ դրական է ընկալվում, դա ակնհայտորեն կբարձրացնի ԲՐԻԿՍ-ի ազդեցությունն ամբողջ աշխարհում»,- ասել է նա։
News.ru կայքի հաղորդմամբ, Պուրնիմա Անանդը նշել է, որ այս երկրների միացումը ԲՐԻԿՍ -ին, ամենայն հավանականությամբ, շատ արագ կանցնի։ Կազմակերպության բոլոր ներկայացուցիչները շահագրգռված են դրա ընդլայնմամբ։ Ուստի, քաղաքական գործչի համոզմամբ, այս երկրների միություն մտնելը տեղի կունենա շատ շուտով։