Զոհված զինծառայողների դիակներից և մասունքներից 50 ոսկրային հյուսվածքների փորձանմուշներ կուղարկեն Նիդերլանդներ՝ ԴՆԹ փորձաքննության
Հայաստանի կառավարությունը նիստում որոշեց ավելի քան 31 միլիոն դրամ գումար դուրս գրել բյուջեից՝ պատերազմի զոհերի ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների համար։ Հարցը չզեկուցվող էր (20-րդ հարց)։
Հիմնավորման մեջ նշվում է.
«Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Սույն Նախագծի ընդունումը պայմանավորված է ԴՆԹ հետազոտություն կատարելու դիմաց ֆինանսավորման ապահովմամբ:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից ՀՀ-ի և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի արդյունքում զոհված զինծառայողների դիակների և մասունքների ԴՆԹ նույնականացման փորձաքննությունները կատարվել են ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնում 2020 թվականի հոկտեմբեր ամսից մինչև 2022 թվականը: Այս ընթացքում նույնականացվել է բազմաթիվ անճանաչելի ձևի փոփոխված, մասնահատված, կմախքացած, այրված աճյուններ և մասունքներ, որոնց արդյունքում ունեցել ենք անհայտ համարվող զինծառայողների դիակների և մասունքների ինքնության պարզում։
ՀՀ քննչական կոմիտեի, անհատ կորածների միջազգային հանձնաժողովի և «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ստորագրված հուշագրի շրջանակներում, «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ում գտնվող թվով 100 (բարդ նմուշ) ոսկրային փորձանմուշներ են ուղարկվել Նիդերլանդների թագավորություն ICMP կազմակերպություն ԴՆԹ նույնականացումը կատարելու նպատակով: Ֆինանսավորումը իրականացվել է USAID կազմակերպության կողմից:
Սակայն դեռևս առկա են բարդ, վնասված, արտաքին գործոնների ազդեցությունից որոշակի կազմափոխված ոսկրային հյուսվածքներ, որոնցից չի հաջողվում անջատել անձի նույնականացման համար պիտանի ԴՆԹ բնութագրեր: Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել ևս թվով 50 ոսկրային հյուսվածքների փորձանմուշներ ուղարկել Նիդերլանդների թագավորություն՝ Անհայտ Կորածների Միջազգային Հանձնաժողովի համապատասխան ԴՆԹ փորձաքննություների լաբորատորիա, վնասված ոսկրային հյուսվածքներից ԴՆԹ անջատման և գենետիկական լիարժեք բնութագիր ստանալու համար։ Վերջինիս համար անհրաժեշտ է 75,000 ԱՄՆ դոլար:
Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել Առողջապահության նախարարությանը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 31,125,000 ՀՀ դրամ:
Կարգավորման նպատակը և բնույթը
Կառավարության որոշմամբ առաջարկվող նախագծի նպատակը ԴՆԹ հետազոտություն կատարելու դիմաց պատշաճ ֆինանսավորում իրականացնելն է:
Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Կառավարության որոշման կիրառման արդյունքում ակնկալվում է թվով 50 ոսկրային հյուսվածքների փորձանմուշների ԴՆԹ նույնականացման իրականացում»։
Հարակից հրապարակումներ`
- Դեռևս ունենք անհետ կորածներ, ունենք սառնարաններում պահվող մարմիններ, որոնց ԴՆԹ պատասխանները դեռ չկան․ Ելենա Կիրակոսյան
- Սեյրանի ԴՆԹ-ն հաստատվում է հունիսի 21-ին, չնայած 2020թ-ի նոյեմբերից տղայի դին եղել է Մեծամորի դիահերձարանում
- Դեմքով ճանաչելի զոհվածին ԴՆԹ-ով են ճանաչում. Զոհված զինծառայողի հայր
- Դիակներից և մասունքներից վերցված 53 փորձանմուշ գտնվում է Նիդերլանդներում. «Հետք»
- Զոհվելուց անցել է 9 ամիս, ԴՆԹ-ն հաստատեց, եզդի Հովոն անմահացել է
- Արտերկրում և մեզ մոտ իրականացված ԴՆԹ փորձարկումների արդյունքները իդենտիկ նույնն են եղել. Ավանեսյան
- Կան վնասված մասունքներ, որ անգամ այլ երկրներում չի հաջողվի դրանց ԴՆԹ փորձաքննությունը անցկացնել. նախարար
- 3577 դիակ անցել է ԴՆԹ փորձաքննություն, 428-ը գտնվում է փորձաքննության փուլում. ԱՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան